Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ
Օրվա թեմա
13:00 05/05/2015

Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ

Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը երեկ հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսեթիայի փաստացի իշխանությունների հանդիպման կապակցությամբ: Այս մասին գրում է «Նովոստի Գրուզիա»-ն: 

Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը երեկ հայտարարել էր, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հանդիպումը Անատոլի Բիբիլովի հետ կրել է մասնավոր բնույթ։

«Պաշտոնական որև է հարց չի քննարկվել: Երկու անձնանց միջեւ մասնավոր հանդիպումները չեն կարող որեւէ ազդեցություն ունենալ քաղաքական դիրքորոշումների վրա»,- ասել էր Արսեն Բաբայանը։

Անատոլի Բիբիլովը ԼՂՀ էր ժամանել մայիսի 3-ին կայացած ԼՂՀ ԱԺ ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու նպատակով:

Վրացական լրատվամիջոցը վկայակոչելով Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունը, գրել է, որ Վրաստանի ԱԳ փոխնախարար Գիգի Գիգիաձեն ծայրահեղ անհանգստություն է հայտնել Հայաստանի ԱԺ նախագահի ու «Ռուսաստանի ռեժիմի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված «խորհրդարանի ղեկավարի» հանդիպման կապակցությամբ:

Փոխնախարարն ասել է, որ դա հակասում է Հայաստանի ու Վրաստանի ավանդական բարեկամական հարաբերություններին ու վնասում է երկկող հարաբերությունները:

«Նախարարի տեղակալը զարմանք է հայտնել այն տեղեկատվության վերաբերյալ, թե հանդիպումը մասնավոր բնույթ է կրել և նշել է, որ վրացական կողմի համար բացարձակ անընդունելի է բարեկամ պետության ցանկացած պաշտոնատար անձի որևէ շփում օկուպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ»,-գրում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Ըստ աղբյուրի, իր հերթին հայ դիվանագետն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ ու հայտարարել, որ Երևանին անմիջապես տեղյակ կպահվի Վրաստանի դիրքորոշման հետ:

Լրատվամիջոցը ավելացնում է, որ ավելի վաղ Վրաստանի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Վերջինս ասել է, որ Բիբիլովը Ղարաբաղում է գտնվել մասնավոր այցով, իսկ Գալուստ Սահակյանի հետ հանդիպումը մասնավոր բնույթ է ունեցել, գործնական թեմաներ չեն քննարկվել, այդ թվում «Վրաստանի օկուպացված տարածքների» վերաբերյալ հարցեր:

Placeholder
Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ