Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի արձանագրությունների նախագծին
Քաղաքական
16:54 05/05/2015

Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի արձանագրությունների նախագծին

Ղրղզստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի արձանագրությունների նախագիծը հավանության է արժանացել այդ երկրի կառավարության կողմից: Այս մասին տեղեկանում ենք Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայությունից: 

Ինչպես հաղորդվում է, նախօրեին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Ղրղզստանի վարչապետ Թեմիր Սարիևը հիշեցրել է ԵՏՄ-ին անդամակցելու կարգը` նշելով, որ մայիսի 8-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները կստորագրեն այդ կառույցին Ղրղզստանի միանալու պայմանագրի արձանագրությունները:

«2014-ի դեկտեմբերի 23-ին ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրեցին ԵՏՄ-ին Ղրղզստանի միանալու մասին պայմանագիրը: Մայիսի 8-ին նրանք կստորագրեն պայմանագրի արձանագրությունները: Այնուհետև փաստաթղթերը պետք է վավերացվեն, որից հետո Ղրղզստանը պաշտոնապես կդառնա ԵՏՄ անդամ»,- նշել է Ղրղզստանի վարչապետը:

Վերջինս նաև հավելել է, որ մեկ տարում կատարել է ԵՏՄ միանալու ճանապարհային քարտեզի բոլոր անհրաժեշտ աշխատանքները, հստակեցվել է իրավական բազան, ինչպես նաև ԵՏՄ տեխնիկական պահանջներին ղրղզական ապրանքների համապատասխանեցման գործընթացն է մոտենում իր ավարտին:

« Որևէ քաղաքական խաղ չկա: Եվ նախագահը, և խոսնակը, և կառավարությունը միակարծիք են, որ բոլոր որոշումները պետք է կայացվեն ելնելով Ղրղզստանի շահերից: Կառավարությունը բոլոր ջանքերը գործադրում է ինտեգրման գործընթացը արագացնելու և սահմանները մոտ ապագայում բացելու համար»,- նշել է Սարիևը:

Հաղորդվում է, որ նիստի ավարտին կառավարության անդամները հավանություն են տվել Ղրղզստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի արձանագրությունների նախագծին:

Placeholder
Ղրղզստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի արձանագրությունների նախագծին