Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը կայացավ: Հաղթել է Գրիգոր Գրիգորյանը, ով երկար տարիներ աշխատում է նույն թանգարանում: Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար, մրցութային հանձնաժողով նախագահ Արև Սամուելյանը:
Նա տեղեկացրեց, որ ներկայացվել էր երկու հայտ՝ Գրիգոր Գրիգորյանի և նույն թանգարանի մեկ այլ աշխատակից՝ Մարիետա Կիրակոսյանի կողմից: «Երկուսն էլ ներկայացրել էին ամբողջական փաթեթներ, համապատասխանում էին մրցույթին մասնակցելու պայմաններին»,- նշեց հանձնաժողովի նախագահը:
Մրցույթային հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել 12 հոգի՝ գիտնականներ, թանգարանի մասնագետներ, մշակույթի նախարարության աշխատակազմից երեք հոգի:
Մրցույթն անցել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր: Ըստ Ա. Սամուելյանի, Գրիգոր Գրիգորյանը գրավոր փուլում 100 տոկոս արդյունք է ցուցաբերել, իսկ Մարիետա Կիրակոսյանը՝ 90: Հարցազրույցի փուլում հանձնաժողովի 12 անդամն էլ իրենց ձայնը տվել են Գրիգոր Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ Պատմության թանգարանի երկարամյա տնօրեն Անելկա Գրիգորյանն, ըստ կարգի, տարիքային կենսաթոշակի է անցել: «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի համաձայն, գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 65 տարին: