«The Washington Post»-ի խմբագիր. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պրագմատիկ որոշում էր
Քաղաքական
13:06 08/05/2015

«The Washington Post»-ի խմբագիր. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պրագմատիկ որոշում էր

Ինչպես արդեն հայտնի է, այս օրերին աշխատանքային այցով ԱՄՆ-ում է գտնվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այցի շրջանակներում Հայաստանի նախագահը հանդիպում է ունեցել նաև առաջատար «The Washington Post» պարբերականի խմբագրական խորհրդի կազմի հետ:

Խմբագրական խորհրդի անդամ, պարբերականի խմբագիրներից Ֆրեդ Հայեթը պարբերականի «Post Partisan» խմբագրական բլոգում կիսվել է  Հայաստանի նախագահի հետ հանդիպումից ստացած տպավորություններով:

Մասնավորապես` Ֆ. Հայեթը գրում է, որ նախագահին ուղղված իր այն հարցին, թե ինչու Հայաստանը նախընտրեց Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելը, Սերժ Սարգսյանը տվել է պրակտիկ բացատրություն:

«Հայկական կոնյակը չէր կարող այնքան լավ վաճառվել Փարիզում, որքան լավ այն վաճառվում է Ռուսաստանի Դաշնությունում»,- նախագահի պատասխանն է մեջբերում Հայեթը` նկատելով, որ «այլ կերպ ասած` Հայաստանի նախագահի որոշումը պրագմատիկ որոշում է եղել»:

Հայեթի փոխանցմամբ` նախագահ Սարգսյանը նաև շեշտադրել է, որ Հայաստանը շարունակում է լավ հարաբերություններ պահպանել Եվրոպական միության հետ: Մանրամասնելով` նախագահը հավելել է, որ ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագիրը չէր կարող կարճաժամկետ հեռանկարում մեծ տնտեսական օգուտներ տալ Հայաստանին` հատկապես այն դեպքում, երբ շարունակում է փակ մնալ հայ-թուրքական սահմանը: Նախագահի խոսքով` տնտեսական օգուտների մասին խոսել հնարավոր կլիներ միայն երկարաժամկետ հեռանկարում:

«Իսկ այդ ընթացքում մարդիկ պետք է կարողանային նորմալ ապրել, հետևաբար նրանք պատրաստ չէին այդքան երկար ժամանակ դժվարություններ կրել»,- նախագահի խոսքն է մեջբերում Հայեթը:

Ֆ. Հայեթի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում նախագահը նաև խոսել է ՌԴ-Արևմուտք հարաբերություններում նկատվող լարվածության մասին` նշելով, որ այն բացասական ազդեցություն է ունեցել դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանման, Հայաստանում ռուսական ներդրումների և Ռուսաստանից Հայաստան ուղարկվող տրանսֆերտների վրա:

Խմբագրական խորհրդի կազմի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից ապրիլի 24-ի ուղերձում Հայոց ցեղասպանություն եզրույթը չկիրառելուն:

«Կարծում եմ այդ եզրույթի հնչեցնելը ավելի օգտակար կարող էր լինել: Միացյալ Նահանգները պետք է արժեքները շահերից վեր դասի»,- նախագահի խոսքն է մեջբերում «The Washington Post»-ի խմբագիրը:

Placeholder
«The Washington Post»-ի խմբագիր. ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը պրագմատիկ որոշում էր