Աննայի ժամանակը՝ ժամագործ պապիկից ժառանգություն մնացած ժամացույցների մասնիկներով
Մեկնաբանություններ
09:30 11/05/2015

Աննայի ժամանակը՝ ժամագործ պապիկից ժառանգություն մնացած ժամացույցների մասնիկներով

Այսօր Նարեկացի արվեստի միությունում բացվելու է Աննա Ավագյանի «Ժամանակը հիմա է…» խորագիրը կրող մինի կոլաժների ցուցահանդեսը:  Մասնագիտությամբ լեզվաբան Աննան իր կոլաժները ստեղծում է իր ժամագործ պապիկից ժառանգություն մնացած ժամացույցների մասնիկներից:

«Պապիկս մասնագիտությամբ չափագետ էր, նաև զբաղվում էր ժամագործությամբ: Երբ փոքր էի, ինձ սովորեցնում էր իր արհեստը: Նույնիսկ կարողանում էի վերանորոգել: Տարիներ անց, պապիկիս մահից հետո, որոշեցի մեկ-երկու կոլաժ անել իր հավաքած ժամացույցների մասնիկներից, որոնք ես զգուշորեն պահում էի պապիկիս հին պահարանում: Մեկը մյուսի հետևից ստեղծվեցին պատկերներ»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմեց Աննան:

Վերջին ամիսների ընթացքում Աննան ստեղծել է 30 կոլաժ. «Մասերն իրենք են ինձ թելադրում պատկերը, կամ էլ մտքումս որևէ պատկեր եմ ստեղծում ու ստանում: Դրանց մեծ մասը կապված են ժամանակի հետ»:

Աշխատելու ընթացքում, Աննայի խոսքով, մշտապես մտածել է պապիկի, տատիկի, իր մանկության տարիների մասին:  Նա նշում է, որ իր համար ժամացույցի յուրաքանչյուր մասնիկ շատ արժեքավոր է, մի ամբողջ աշխարհ է, որոնց մեջ տեսնում է տիեզերք՝ արև, լուսին, թռչուններ, կենդանիներ:

Ցուցահանդեսի մուտքն ազատ է, բայց այցելուները կարող են նկատի ունենալ. «Եթե ցանկանում եք բռնել ժամանակի զարկերակը և Աննային հնարավորություն տալ նոր կոլաժներ ստեղծելու, ապա միջոցառմանը կարող եք ներկայանալ ոչ պիտանի ժամացույցներով»:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև մայիսի 17-ը: Ցուցահանդեսի առիթով Աննան նաև երգ է գրել, որը նույնպես ժամանակի մասին է:

«Ժամանակը անսահման չէ, սակայն ոչ էլ սահմանափակ, ժամանակը սահմանափակված է մեր լինելու կարողությամբ»,- կարծում է Աննա Ավագյանը:

Placeholder
Աննայի ժամանակը՝ ժամագործ պապիկից ժառանգություն մնացած ժամացույցների մասնիկներով