Սահմանադրական բարեփոխումների այլընտրանքային նախագիծ ներկայացնելը քիչ հավանական է. Պողոսյան
Հարցազրույցներ
11:50 13/05/2015

Սահմանադրական բարեփոխումների այլընտրանքային նախագիծ ներկայացնելը քիչ հավանական է. Պողոսյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն այս պահին աշխատում է բարեփոխումների հայեցակարգի մեկ նախագծի վրա, և այլընտրանքային նախագիծը շրջանառության մեջ դնելը քիչ հավանական է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

«Արդեն երկար ժամանակ է, որ մասնագիտական հանձնաժողովը աշխատում է խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող նախագծի վրա և արդեն պատրաստ են Սահմանադրության առաջին երեք գլուխները, իսկ շուտով` մայիսի 15-ին, հանձնաժողովը կքննարկի կառավարման համակարգին վերաբերող բաժինները` Նախագահ, Ազգային ժողով, Կառավարություն», -տեղեկացրեց պարոն Պողոսյանը:

Քաղաքական 14 ուժեր ներկայացրել են նախագծի վերաբերյալ առաջարկություններ, և նրանց յուրաքանչյուրի հետ դրանք կքննարկվեն առանձին-առանձին:

«Այժմ ժամկետներն են ճշտվում»,- նկատեց Պողոսյանը:

 Այնուհետև, մայիսի 18-19-ին հայեցակարգը Փարիզում կքննարկվի Վենետիկի փորձագետների հետ, մայիսի 22-ին հանձնաժողովը հանդես կգա մամլո ասուլիսով: Պողոսյանի խոսքով, հունիսին նախագիծը վերջնական տեսք կունենա, կներկայացվի նախագահին, այնուհետև` խորհրդարանին:

Սահմանադրության նախագծի մյուս տարբերակի` կիսանախագահական համակարգի կատարելագործման վերաբերյալ, շրջանառության մեջ դնելը սահմանարդագետը հավանական չի համարում, քանի որ քննարկման առանցքում և գրեթե բոլորի կողմից ընդունելի է խորհրդարանական կառավարման համակարգին վերաբերող տարբերակը:

«Խորհրդարանական համակարգին վերաբերող նախագիծը, որի վրա էլ աշխատում է հենց Հանձնաժողովը, կներկայացվի հանրապետության նախագահին, այնուհետև` Ազգային ժողով, թեպետ Հանձնաժողովը կաշկանդված չէ այլընտրանքային տարբերակ ներկայացնելու հարցում», -ասաց Պողոսյանը:

Placeholder
Սահմանադրական բարեփոխումների այլընտրանքային նախագիծ ներկայացնելը քիչ հավանական է. Պողոսյան