2016թ-ին ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի կոնգրեսը կանցկացվի  Հայաստանում
Տնտեսություն
12:32 18/05/2015

2016թ-ին ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի կոնգրեսը կանցկացվի Հայաստանում

2016թ-ին Հայաստանը հյուրընկալելու է Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մերիդիան» ԱՏԳ ծրագրի ղեկավար Նիկա Մանուկովան:

Նրա խոսքերով՝ այս տարի այն անցկացվել է Բրազիլիայում, 2017թ-ին՝ Հնդկաստանում, 2018թ-ին՝ Ավստրալիայում:

Ըստ Ն.Մանուկովայի՝ արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները. «Ամեն ինչ արվում է, որպեսզի այն բարձր մակարդակով անցկացվի: Այս միջոցառումը կարող է նպաստել աշխարհում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, Հայաստանը՝ որպես հարուստ ոսկերչական ավանդույթների և բարձր որակավորում ունեցող կադրերի երկիր ներկայացնելուն: Դա էլ իր հերթին կբերի բարենպաստ պայմանների ստեղծմանը` երկարատև ներդրումներ ներգրավելու համար»:

Կոնգրեսի շրջանակներում կանցկացվեն տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ ոսկերչական ցուցահանդես-վաճառք, ոսկերիչների, դիզայներների համար դասընթացներ:

Նշենք, որ CIBJO-ն ստեղծվել է 1926թ. և ոսկերչության ոլորտում գործող ամենահին կազմակերպություն է: Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առևտրային կազմակերպություններ: Նրա տիրույթներն ընդարձակ են, ներառում են ոսկերչությունը, թանկարժեք մետաղների մշակման և հանքերի ոլորտները՝ վերամշակումից, արտադրությունից մինչև առևտրային կենտրոններ:

Անդրադառնալով «Մերիդիան» ոսկերչական ազատ տնտեսական գոտու գործունեությանը, Ն.Մանուկովան նշեց, որ ԱՏԳ-ի հիմնական նպատակն է նոր ազդակ հաղորդել Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ ներգրավել օտարերկրյա ներդրումներ, ավելացնել Հայաստանում արտադրվող ոսկերչական արտադրանքի ծավալն ու ստեղծել մեծ թվով աշխատատեղեր:

«Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ և պատաստվում ենք կառավարությանը փաթեթներ ներկայացնել: Ակնկալում ենք, որ մինչև տարեվերջ ԱՏԳ-ում 300-500 աշխատատեղ կստեղծվի»,-ասաց Ն.Մանուկովան:

Placeholder
2016թ-ին ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի կոնգրեսը կանցկացվի Հայաստանում