Ոստիկանությունը օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու. Գլխավոր դատախազ
Իրավունք
16:52 20/05/2015

Ոստիկանությունը օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու. Գլխավոր դատախազ

«Մեր հասարակության մեջ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ եթե ոստիկանը ուժ է կիրառում դա արդեն հանցագործություն է: Էդպես չի: Ոստիկանությունը, ինչպես մեր երկրում, այնպես էլ աշխարհի ցանկացած երկրում այն եզակի մարմիններից մեկն է, որն օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու», -այսօր Ազգային ժողովում Գլխավոր դատախազության գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:

Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվում էր, թե ինչպես է գլխավոր դատախազը վերաբերվում վերջերս ոստիկանության ծառայողների կողմից Բաղրամյան 26-ում բանակում մահացած զինվորների մայրերի նկատմամբ «վայրագ գործողության» մասին: «Այդ վայրագության հետ կապված ձեր վերաբերմունքը ինչպիսի՞ն է», -հարցրեց Մանուկյանը:

Դատախազի խոսքով, պետք է քննարկման առարկա դառնա, թե արդյոք  այդ կանանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ուժը եղել է համաչափ:

«Ոստիկանության մասին օրենքը հստակ սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանը իրավունք ունի ֆիզիկական ուժ կիրառել: Սահմանված է, որ եթե ոստիկանը հնարավորություն չունի այլ եղանակներով ապահովել իր պարտականությունների կատարումը, ապա իրավունք ունի կիրառել ուժ», -հավելեց Կոստանյանը:

Վկայակոչելով Հանրահավաքների մասին օրենքի դրույթները, պաշտոնյան նկատեց, որ ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, դատարանների ու քրեակատարողական հիմնարկների մոտ արգելվում է հավաքը, ինչը կարող է խոչընդոտել այդ մարմինների բնականոն աշխատանքը:

Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունում կատարվածի կապակցությամբ նախապատրաստվում են նյութեր:

«Նյութերի նախապատրաստման ընթացքում, պարոն Մանուկյան, վստահ եղեք, որ բոլոր հարցերի պատասխանները կտրվեն», -վստահեցրեց Կոստանյանը:

Հարակից հրապարակում`
Բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները ոստիկանությունից պահանջում են ներողություն խնդրել (տեսանյութ)

 

Placeholder
Ոստիկանությունը օրենքով մանդատ ունի ուժ կիրառելու. Գլխավոր դատախազ