«Սպարտակը» Մագատին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել
Աշխարհում
15:28 22/05/2015

«Սպարտակը» Մագատին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել

Գերմանացի ֆուտբոլային մասնագետ Ֆելիքս Մագատը կարող է դառնալ Մոսկվայի «Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ: Ռուսաստանյան ակումբը 61-ամյա մասնագետին արդեն տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել: Մագատը, ով նախկինում գլխավորում էր «Ֆուլհեմը», առաջարկ ունի նաև «Աուստրիայից», սակայն ավստրիական ակումբի առաջարկած աշխատավարձի չափը շատ ավելի փոքր է: Ներկա պահին մարզիչը քննարկում է նշված առաջարկները:

Ավելի վաղ հաղորդվել է, որ «Սպարտակի» այժմյան գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Երեկ ակումբի սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ վայր է դնում տնօրենների խորհրդի նախագահի լիազորությունները:

Հիշեցնենք, որ Մագատը 2004-2007 թթ. գլխավորել է «Բավարիան», որի հետ հաղթել է Բունդեսլիգայում ու նվաճել Գերմանիայի գավաթը: 2009 թ. նա Գերմանիայի առաջնությունում հաղթել է «Վոլֆսբուրգի» գլխավոր մարզչի պաշտոնում:

Placeholder
«Սպարտակը» Մագատին տարեկան 3 մլն եվրո աշխատավարձ է առաջարկել