«Ավելի շատ լսում են թշնամու կրակոցի ձայնը, քան երաժշտություն». Սահմանապահ համայնքների աշակերտները Երևանում են
Վերլուծություններ
14:19 22/05/2015

«Ավելի շատ լսում են թշնամու կրակոցի ձայնը, քան երաժշտություն». Սահմանապահ համայնքների աշակերտները Երևանում են

Տավուշի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի սահմանապահ համայնքների միջին դասարաններում սովորող ավելի քան 300 աշակերտ այսօր Երևանում են: Շատերի համար սա առաջին այցելությունն է մայրաքաղաք: Աշակերտներն այստեղ են մշակույթի նախարարության «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագրի շրջանակում:

Panorama.am-ի հետ զրույցում մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն ասաց, որ ծրագրի շահառուները սահմանապահ համայնքների երեխաներն են. «Նպատակն է՝ երեխաների համար կազմակերպել այցելություններ մշակութային հաստատություններ: Այցի ընթացքում նրանք անպայման պետք է լինեն մեկ թանգարանում, ներկա լինեն մեկ համերգային ծրագրի ու մեկ ներկայացման»:

Ծրագրի շրջանակում, որը շարունակվելու է մինչև տարվա վերջ, ՀՀ Սյունիքի, Տավուշի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի 74 սահմանապահ համայնքների 49 դպրոցների միջին դասարաններում սովորող շուրջ 2700 աշակերտներ կհյուրընկալվեն Երևանում:

Երեխաներն այսօր այցելել են Կոմիտասի անվան պանեթեոն, եղել Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում: Նրանք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դիտելու են «Անուշ» օպերան:

«Համոզված եմ, որ շատ լավ տպավորություններով ենք վերադառնալու»,-ասաց Արարատի մարզի Պարույր Սևակի գյուղի դպրոցի 5-րդ դասարանի մի աշակերտուհի:

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներն էլ նշեցին, որ շատ են ոգևորվել, երբ իմացել են գալու են մայրաքաղաք:

Նրանցից մեկը նաև պատմեց, թե ինչպես են իրենց առօրյան անցկացնում. «Դպոցից հետո վերադառնում եմ տուն, հաց եմ ուտում, մի քիչ հանգստանում եմ, գնում եմ սպորտի, հետո գալիս դասերս սովորում»:

Դպրոցականը նշեց, որ իրենց համար արդեն սովորական է դարձել թշնամու կողմից պարեբաբար հնչող կրակոցները:

Panorama.am-ի հետ զրույցում Այգեհովիտի դպրոցի ուսուցչուհի Լիլիթ Գևորգյանն այլ բան ասաց. «Իհարկե, կրակոցներից վախենում ենք, երեխաները սթրես են տանում ամեն մի կրակոցից հետո: Ավելի շատ լսում են թշնամու կրակոցի ձայնը, քան երաժշտություն: Ապրում են ահուսարսափի մթնոլորտում: Հունվարից հետո իրավիճակը մի քիչ հանդարտվել է»:

Նա նաև ասաց, որ այսօր դպրոցը 350 աշակերտ ունի. «Աշակերտների թիվը տարեցտարի նվազում է, որը պայմանավորված է սոցիալ-տնտեսական վիճակով ու նաև պատերազմական վիճակով»:

Նրա խոսքով, գյուղում կա երաժշտական դպրոց, մարզական խմբակներ, ուր երեխաները սիրով այցելում են: Նա համոզված է, որ երեխաները բուռն տպավորություններով կհեռանան Երևանից:

Երեխաներին ողջունելու էր եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Վարչապետն իր խոսքում ասաց, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում սահմանապահ համայնքների զարգացմանը, ամեն ինչ անում են երեխաների, ապագա սերունդի զարգացման համար, որպեսզի լավ գիտելիքներ ստանան:

Աշակերտները հարցեր ուղղեցին վարչապետին:

Ի՞նչ հեքիաթներ եք սիրում կարդալ հարցին ի պատասխան, Հ. Աբրահամյանն ասաց, որ Հովհաննես Թումանյանի, և կիրակի օրերին հնարավորություն դեպքում անպայման իր թոռնիկների համար ընթերցում է հեքիաթներ:

Հարցին, թե առաջին անգամ գալով Երևան, ի՞նչ զգացողություններ եք ունեցել, վարչապետն ասաց, որ 12-13 տարեկանում է առաջին անգամ եկել մայրաքաղաք, էքսկուրսիա էին բերել. «Մի դեպք պատահեց այդ օրը. այգիներից մեկում ճոճանակ էինք նստել: Ես ժամանակից շուտ իջա, ոտքիս հարված ստացա, առաջացավ փոքրիկ վերք: Տպավորվել է այդ օրը և, ընդհանարապես. առաջին այցելությունս Երևան: Հիշարժան օր էր: Համոզված եմ, որ ձեր հիշողության մեջ էլ մշտապես կմնա այս այեցությունը մայրաքաղաք Երևան»:

«Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնեմենտային համակարգի ներդրման ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մշակվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից և ներառվել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Ծրագրի նպատակը ժամանակակից կրթական համակարգի բովանդակային արդյունավետության բարձրացումն է, որտեղ տեսական գիտելիքների մատուցումը կհամատեղվի գործնական ու առարկայական մշակութային գիտելիքների հետ՝ կարևորելով երեխաների հոգևոր-մշակութային դաստիարակությունը՝ ապագա քաղաքացու ձևավորման գործում: Ծրագիրը կիրականացվի ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցների երեխաների համար` մարզերում մշակութային կազմակերպությունների հյուրախաղերի և Երևանում մշակութային միջացառումների կազմակերպմամբ:

Placeholder
«Ավելի շատ լսում են թշնամու կրակոցի ձայնը, քան երաժշտություն». Սահմանապահ համայնքների աշակերտները Երևանում են