Կեղծ դեղերի դեմ պայքարի լավագույն ճանապարհը դեղերի շրջանառության կարգավորումն է. փոխնախարար
Առողջություն
11:55 26/05/2015

Կեղծ դեղերի դեմ պայքարի լավագույն ճանապարհը դեղերի շրջանառության կարգավորումն է. փոխնախարար

«Աշխարհի ոչ մի երկիր ապահովագրված չէ կեղծ դեղերի շրջանառությունից: Այդ իսկ պատճառով պետք է խոսվի այս խնդրի մասին, պայքար մղվի: Ընդգծեմ, որ պայքարը պետք է ներառի տարբեր ենթակառուցվածքներ, մասնագետներ, ընկերություններ: Միայն միացյալ ուժերով կարող ենք առաջ շարժվել: Չենք կարող հաղթել, բայց կարող ենք դժվարացնել կեղծողների կյանքը»,- Երևանում ընթացող «Եվրասիական տարածաշրջանում կեղծ դեղամիջոցների դեմ պայքարի արդի ասպեկտներ» խորագրով գիտաժողովի ժամանակ ունեցած ելույթում ասաց «Սանոֆիի» Եվրասիական տարածաշրջանի անվտանգության գծով տարածաշրջանային տնօրեն Յուրի Օռլովը:

Նշենք, որ երկրօրյա գիտաժողովին մասնակցում է մոտ 150 մասնագետ, փորձագետ տարբեր երկրներից: Գիտաժողովի կազմակերպիչն է ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը՝ «Սանոֆի» աջակցությամբ:

Գիտաժողովի բացմանն ունեցած ելույթում ՀՀ առոջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ասաց, որ կեղծ դեղերի խնդիրը արդիական է, վերջին տարիներին նախարարությունը բազմաթիվ միջոցառումներ է իրականացնել այդ ուղղությամբ: Նա նշեց, որ այս պահին «դեղերի մասին» նոր օրենքը Ազգային ժողովում է, քննարկումների փուլում է:

«Օրենքում կան բազմաթիվ դրույթներ, որոնք կարգավորելու են դեղերի շրջանառության ոլորտը: Կեղծ դեղերի դեմ պայքարի լավագույն ճանապարհը դեղերի շրջանառության կարգավորումն է, որը նոր օրենքը թույլ է տալիս: Մինչև 50 կարգավորող փաստաթուղթ պետք է ընդունվի, որոնք թույլ չեն տան, որ մեր երկրում շրջանառության մեջ կեղծ դեղեր լինեն»,- ասաց Ս. Խաչատրյանը:

Ըստ նրա, այս ուղղությամբ տարվում են այլ աշխատանքներ ևս, ինչպես նաև կարևորեց հզոր, գիտական ներուժի առկայությունը: Փոխնախարարի խոսքով, իրականացվելիք միջոցառումների ու մասնագետների ներուժի միջոցով հնարավոր է կարգավորել դաշտն ու զերծ պահել հայկական շուկան կեղծ դեղերից:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Թաթուլ Հակոբյանն ասաց, որ կեղծ դեղերի պայքարը մշտապես գտնվում է ԱՀԿ ուշադրության կենտրոնում, մշտապես քննարկումներ են ծավալվում, որոշումներ ընդունվում խնդրի լուծման համար:

«Խնդիրը բազմիցս քննարկվել է Հայաստանում: Այսօր այն առավել մեծ կարևորություն է ստանում՝ հաշվի առնելով ինտեգրացիոն գործընթացները, որ տեղի են ունենում Եվրասիական տարածաշրջանում»,- ասաց նա:

Թ. Հակոբյանը կարևորեց երկրների միջև համագործակցությունը, քանի որ նա համոզված է, որ միայն միասնական աշխատանքով կարելի է հասնել հաջողության: Նա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց մի քանի գործառույթների վրա, որոնց իրականացումը կտա դրական արդյունք:

Գիտաժողովի ընթացքում ստորագրվեց նաև համագործակցության հուշագիր, որը ստորագրեցին խոշորագույն դեղագործական ընկերությունների անվտանգության ղեկավարները: Ըստ ստորագրողների, այս հռչակագիրը լավ հնարավորություն է տեղեկատվությունների փոխանակման, միասնական աշխատանք ծավալելու և կեղծ դեղերի դեմ պայքարում այլ կարևոր քայլեր իրականացնելու գործընթացում:

Placeholder
Կեղծ դեղերի դեմ պայքարի լավագույն ճանապարհը դեղերի շրջանառության կարգավորումն է. փոխնախարար