Տոնախմբվել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (լուսանկարներ)
Օրվա թեմա
17:14 02/06/2015

Տոնախմբվել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (լուսանկարներ)

Այսօր Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը:

Առավոտյան Մայր Տաճարից եկեղեցականների թափորը բազմաթիվ ուխտավորների ուղեկցությամբ, Էջմիածնի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո, առաջնորդվել է Սուրբ Գայանե վանք, ուր հավատավոր ժողովրդի օրհնության համար տարվում էր նաև սուրբ Գայանեի մասունքն ամփոփող Աջը: Սրբազան մասունքը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Ս. Գայանե վանքի առջև թափորը դիմավորել են վանքի հոգևոր սպասավորները` գլխավորությամբ Մայր Աթոռի վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանի:

Տոնի առիթով Սուրբ Գայանե վանքում մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն էր Ս. Գայանեի վանահոր պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Խաչատուր աբեղա Կնյազյանը:

Պատարագի ընթացքում Հայր Սուրբն իր քարոզում անդրադարձել է Գայանյանց տոնի խորհրդին` ընդգծելով. «Սուրբ Գայանյանք զորացյալ հավատքով հակառակվեցին անաստվածությանը. լուսավորյալ էր նրանց հոգին, նրանց համար կյանքը Քրիստոսով էր լեցուն, և մեռնելը շահ էր, քանի որ գիտեին` մահվանից հետո պետք է ձեռք բերեն այն արդյունքները, որոնք իրենց նվիրյալ կյանքի շնորհիվ կուտակել էին երկնային արքայության մեջ: Մահը սարսափելի է, երբ մենք այս կյանքն Աստծուց հեռու ենք ապրում, մահը կարող է մուտք դառնալ երկնային արքայություն, եթե մենք մեր կյանքն ապրել ենք Տիրոջ կամքի և պատվիրանապահության մեջ: Ս. Գայանյանց նահատակությունը մեզ պատգամ ունի փոխանցելու»:

Հայր Խաչատուրը նաև նշել է, որ այսօր նահատակության կարիք չկա, սակայն հարկ է այդ ոգով ու նվիրումով քրիստոնեական արժեքները սերմանել հասարակական կյանքում: Պատարագիչ Հայր Սուրբը հորդորել է ներկաներին նմանվել նահատակ սրբուհիներին, ովքեր իրենց հավատքն ու հոգին բարձր դասեցին իրենց կյանքից, և ապրելով Տիրոջ երկնային սիրով` սուրբ Գայանյանց նմանությամբ արժանանալ Աստծու օրհնությանն ու շնորհներին:

Ս. Պատարագի ավարտին կատարվել է նաև սրբուհու մասունքակիր Աջով հավատացյալների օրհնություն:

Placeholder
Տոնախմբվել է Ս. Գայանյանց կույսերի հիշատակը (լուսանկարներ)