Սովորական պայթյուն էր. Արձագանքներ Տավուշից
Մեկնաբանություններ
11:55 04/06/2015

Սովորական պայթյուն էր. Արձագանքներ Տավուշից

Նախօրեին սոցիալական ցանցում տեղեկություններ տարածվեցին, թե Տավուշի մարզում, մասնավորապես Հովք գյուղում, պայթյուն է եղել, որը տագնապ է առաջացրել տարածաշրջանի բնակչության շրջանում: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների, պայթյունի հետևանքով Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի բնակիչների տների լուսամուտների ապակիները «ցնցվել են»:

Խաշթառակ համայնքի ղեկավար Հայկ Քամալյանն ասաց, որ իրենց մոտ պայթյունի ձայն չի լսվել:

«Եթե նման մի բան եղած լիներ, ամենաառաջինը ինձ կասեին, ես կիմանայի»,- Panorama.am-ին ասաց Քամալյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց մոտ երեկ հորդառատ անձրևների հետևանքով միայն փլվել է գյուղապետարանի շենքի հետևում 50 տարուց ավելի կանգնած հենապատը:

«Գյուղացիք էլ ոչ մի բան չեն զգացել»,-փոխանցեց նա:

Հովք գյուղի ղեկավար Գրիգոր Գևորգյանը Panorama.am-ին ասաց, որ «սովորական պայթյուն էր» և արտասովոր ոչինչ չի եղել:

«Ասենք ոնց ա ավտոմեքենայի գլուշիտելը պայթում, այ ըտենց ձայն էր: Օդից պայթյուն էր, հետո ինքնաթիռի ձայն եկավ: Մեզ թվում է ինքնաթիռից արտանետված գազի ձայնն էր: Ժողովուրդը հանգիստ է, ահաբեկված չեն»,- ասաց գյուղապետը` նկատելով, որ նման բան միշտ էլ լինում է իրենց մոտ:

Պայթյունի մասին տեղեկությունը հերքել է ԱԻՆ փրկարարական ծառայությունը` տեղեկացնելով, որ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Տավուշի մարզի բոլոր օպերատիվ ծառայությունների, համայնքների ղեկավարների հետ և ճշտվել, որ ՀՀ տարածքում որևէ պայթյուն տեղի չի ունեցել:

Placeholder
Սովորական պայթյուն էր. Արձագանքներ Տավուշից