Ինչո՞ւ է թռիչքից կես ժամ անց Երևան-Բեյրութ չվերթի ինքնաթիռը Զվարթնոց վերադարձել. Պարզաբանում է ՔԱԳՎ-ն
Հարցազրույցներ
11:48 04/06/2015

Ինչո՞ւ է թռիչքից կես ժամ անց Երևան-Բեյրութ չվերթի ինքնաթիռը Զվարթնոց վերադարձել. Պարզաբանում է ՔԱԳՎ-ն

Երևան-Բեյրութ չվերթի օդանավը երկուշաբթի կես ճանապարհից վերադարձել է ու դժվարությամբ վայրէջք կատարել Զվարթնոցում: Այս մասին «Հալեպահայեր» ֆեյսբուքյան խմբում գրել է խմբի անդամներից մեկը: «Միդլ Իսթ» ավիաընկերությանը պատկանող օդանավը «Զվարթնոց» է վերադարձել թռիչքից կես ժամ անց:

Նույն աղբյուրի համաձայն. ««Զուարթնոց» օդակայանէն դէպի Պէյրութ թռիչք առած օդանաւը, խանգարում մը ունենալով թռիչքէն կէս ժամ ետք վերադարձած է Երեւան անակնկալ, ստիպողական ու դժուարին էջք մը կատարելով հոն, ուր օդանաւը ուժգնութեամբ օդակայանի գետնին բախած է: Բարեբախտաբար, ճամբորդները անվնաս դուրս եկած են անկէ: Դէպքէն ետք MEA յատուկ օդանաւ մը ղրկած է գիշերը Երեւանի ճամբորդները Պէյրութ բերելու համար: Կը շնորհաւորենք սիրելի ճամբորդներն ու օդանաւին անձնակազմը արկածէն անվտանգ դուրս գալուն համար մաղթելով, որ նման արկած մը բնաւ չկրկնուի»:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ իրոք, թռիչքն իրականացվել է մի քանի ժամ ուշացումով:

ՔԱԳՎ մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը Panorama.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ թռիչքի ընթացքում ինքնաթիռի անիվները չեն փակվել, ինչի հետևանքով օդանավի անձնակազմը Երևան վերադառնալու որոշում է կայացրել, որպեսզի «Զվարթնոցում» ինթնաթիռը վերանորոգվի:

«Հանուն ուղևորների հարմարավետության, նրանց թռիչքը շատ չուշացնելու համար ընկերությունը գնացել է ծախսերի, չի սպասել նույն ինքնաթիռի վերանորգման ավարտին: Բեյրութից մեկ այլ ինքնաթիռ է ուղարկել: Մյուս օդանավը վերանորգվել է, այժմ Բեյրութում է»,-ասաց ՔԱԳՎ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ընկերությունը Բեյրութ-Երևան չվերթներն իրականացնում է շաբաթական երկու անգամ:

Placeholder
Ինչո՞ւ է թռիչքից կես ժամ անց Երևան-Բեյրութ չվերթի ինքնաթիռը Զվարթնոց վերադարձել. Պարզաբանում է ՔԱԳՎ-ն