«Աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության». Արմեն Սմբատյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին
Մշակույթ
15:08 06/06/2015

«Աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության». Արմեն Սմբատյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին

«Այս տասնմեկ տարիների ընթացքում հասանք նրան, որ այսօր Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը ճանաչում են աշխարհում և ունենք տասնվեց մասնակից երկիր»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ նախագահի խորհրդական, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույքի հոգաբարձուների խորհրդի նախագահ, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սմբատյանը՝ նշելով, որ սրանում մեծ դեր է խաղացել նաև այն, որ մրցույթը դարձել է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում կմեկնարկի Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթը` «ջութակ» մասնագիտությամբ։

«Առաջին անգամ երբ սկսեցինք մրցույթը, շատ քիչ մասնակիցներ ունեինք, անվանում էինք միջազգային, բայց տարբեր երկրներից էլ մեծամասնությամբ հայեր էին գալիս»,-պատմեց Սմբատյանն՝ ընդգծելով, որ կարողացան օբյեկտիվորեն ներկայանալ և այսօր գտնվել արժանավոր մրցանակաբաշխությունների կողքին:

Նրա խոսքորվ դա է վկայում նաև այն, որ այս տարի մրցույթին ցանկություն է հայտնել մասնակցել 60-ից ավելի երիտասարդ, որոնցից ընտրվել է 25-ը:

Երաժիշտները ներկայացնում են Հայաստանը, ԱՄՆ-ն, Ավստրիան, Բելառուսը, Էստոնիան, Իրանը, Լիբանանը, Կորեան, Ղազախստանը, Ճապոնիան, Միացյալ Թագավորությունը, Չինաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Վենեսուելան, Ֆրանսիան։

«Մենք աշխատել ենք, աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության և այսօր մաս ենք կազմում միջազգային երաժշտական աշխարհի»,-նշեց «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի նախագահը:

Հանդիպմանը մասնակից ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ մրցույթը հաջողությունները համեմատեց կինոյի ասպարեզում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ. «Այս փառատոնները այն մեր մշակույթը, մեր հնարավորությունները լավագույն ձևով են իրականացնում և ներկայացնում»:

Ա. Պողոսյանն առանձնացրեց երկու կարևոր հանգամանք. մրցույթի անվանակարգերում ընդգրկվել է դիրիժորությունը, ինչպես նաև այն, որ Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի տարեկան համաժողովը 2016-ին կիրականանա Հայաստանում:

Նա նկատեց, որ սա արդեն վստահության չափանիշ է:

«Արամ խաչատրային անվան միջազգային մրցույթն արդեն պաշտոնապես ճանաչվել է միջազգային կոնվենցիայում, որը մեզ ավելի է պարտավորեցնում»,-ասաց մրցույթի ժյուրիի նախագահ էդուարդ Թադևոսյանը՝ ցանկություն հայտնելով, որ Խաչատրային գունեղ, բազմերանգ տաղանդը ոգևորի երիտասարդներին և այս օրերը իսկական տոն դարձնեն:

Այս տարվա Ժյուրիի կազմում են անվանի երաժիշտներ՝ Իգոր Պետրոշևսկին (Մեծ Բրիտանիա), Սերգեյ Կրավչենկոն (Ռուսաստան), Ինո Մերկովիչը (Խորվաթիա), Վլադիմիր Լանցմանը (Կանադա), Պաոլո Պետրոչելին (Իտալիա), Թոնգ Վեիդոնգը (Չինաստան)։

Կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը վերջում ավելացրեց, որ այս տարվա մրցույթն անպայման առնչություն կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ:

Նշենք նաև, որ Արամ Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային մրցույթի շրջանակներում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հունիսի 7-ին` ժամը կբացվի հազվագյուտ լարային գործիքների ցուցահանդես: Հայաստանում առաջին անգամ կներկայացվեն հնագույն ջութակներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի 1711թ., Նիկոլո Գալիանոյի 1780թ. և աշխարհահռչակ այլ վարպետների 18-րդ դարում պատրաստված լարային գործիքներ։

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ով հանդիսանում է նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով:

Յուրաքանչյուր տարի հունիսի 6-14-ը Երևանում անցկացվող Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը առաջին անգամ մեկնարկել է 2003թ-ին՝ մեծ կոմպոզիտորի 100-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում:

Մրցույթը ուղղված է «դաշնամուր», «ջութակ» և «թավջութակ» մասնագիտություններով շնորհալի երիտասարդ երաժիշտների բացահայտմանը:

Նախորդող հրապարակումներ՝
«...թող լինի լույս և ցնծություն». Արամ Խաչատրյան (լուսանկարներ)
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն աչքի կընկնի մասնակիցների լայն աշխարհագրությամբ

Placeholder
«Աշխատել ենք համեստ, բայց հասել ենք հաջողության». Արմեն Սմբատյանը Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մասին