Ոչ թե զոհ, այլ վերածնված ժողովուրդ. Հայաստանի ուղերձը ՄԻԴԵՄ-ում
Մշակույթ
15:23 06/06/2015

Ոչ թե զոհ, այլ վերածնված ժողովուրդ. Հայաստանի ուղերձը ՄԻԴԵՄ-ում

Հունիսի 5–ին Ֆրանսիայի Կանն քաղաքում մեկնարկեց ՄԻԴԵՄ (MIDEM) միջազգային հեղինակավոր երաժշտական փառատոնը, որին այս տարի ՄԻԴԵՄ փառատոնի պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է նաև Հայաստանը:
Նախօրեին տեղի ունեցած բացման արարողությանը նախորդեց Հայաստանի ներկայացուցիչների մամլո ասուլիսը, որին մասնակցեցում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Ռուբեն Տոնիկյանը, Սերգեյ Սմբատյանը և Վահագն Հայրապետյանը:

Ասուլիսի ընթացքում Հասմիկ Պողոսյանը մանրամասնեց, թե ինչ կազմով է Հայաստանը ելույթ ունենալու ՄԻԴԵՄ-ում: Նախարարն իր խոսքում նշեց, որ 2015 թվականը հայերի համար խորհրդանշական է, քանի որ այն Հայոց ցեղասպանության հիշատակման 100-րդ տարելիցն է, որի միջոցառումների շրջանակներում էլ տեղի է ունենում Հայաստանի մասնակցությունը ՄԻԴԵՄ-ին:

Հիշեցնելով ցեղասպանության հարյուրամյակի չորս հիմնական ուղերձները` հիշողություն, երախտագիտություն, ցեղասպանության ճանաչում և վերածնունդ` նա նշեց, որ ՄԻԴԵՄ-ում Հայաստանի մասնակցությունը ուղերձներից չորրորդի` վերածննդի շրջանակներում է, քանի որ ներկայացվում է ցեղասպանությունից հետո արարված հայկական երաժշտությունն ու արտացոլում է 100 տարվա մեջ ունեցած ձեռքբերումները:

«Մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանությունը: Սա հնարավորություն է ևս մեկ անգամ հիշել մեր ողբերգությունը և պահանջել անցած դարի առաջին ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը: Մեզ համար սկզբունքային է ներկայանալ այստեղ և ընդհանրապես աշխարհին ոչ թե զոհի կերպարով, այլ ցեղասպանությունը վերապրած և վերածնված, ուժեղ, տաղանդավոր և ստեղծագործող հայի կերպարով»,- նշեց նախարարը:

Այն հարցին, թե արդյոք Հայստանում երաժշտական ինդուստրիան հանդիսանում է տնտեսության մաս, Հասմիկ Պողոսյանը դրական պատասխան տվեց: Այս առումով Հայաստանի երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց նաև, որ իրենց մեծապես աջակցում է Հայաստանի կառավարությունը:

Մամլո ասուլիսի ժամանակ ներկայացվեցին նաև ՄԻԴԵՄ-ում Հայաստանի մասնակցությունն ապահովող հովանավորներն ու կազմակերպիչները` «Պրո Արտ» ընկերությունը (Ռուբեն Տոնիկյանի գլխավորությամբ) և «Տաշիր գրուպ»-ը:

Ռուբեն Տոնիկյանը նշեց, որ Հայաստանում կենդանի երաժշտությունը լավ մակարդակի վրա է, և որ այն շատ լավ է իրականացնում իր հիմնական գործառույթը` փոխանցել էմոցիաներ հանդիսատեսին:

Վահագն Հայրապետյանը` խոսելով Կատուներ էթնիկ-ջազային խմբի մասին, ասաց, որ նրանք ներկայացնում են նոր ստեղծագործություններ` չմոռանալով արմատների մասին:

Քննարկվեց նաև Հայաստանում հեղինակային իրավունքի հարցը. նշվեց, որ այդ դաշտը բավականին առաջադեմ է Հայաստանում:

Փառատոնի հիմնական սրահում Հայաստանը հանդես է գալիս մեծ տաղավարով, ուր ներկայացված են հայկական երաժշտությունն ու մշակույթը ներկայացնող բազմաթիվ նյութեր: Տաղավար այցելում են երաժշտության ինդուստրիայի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր քննարկում են հայ երաժիշտների հետ հետագա համագործակցության առաջարկներ և ուղիները: 

 

Placeholder
Ոչ թե զոհ, այլ վերածնված ժողովուրդ. Հայաստանի ուղերձը ՄԻԴԵՄ-ում