Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահան գյուղից հոսպիտալացվածների թվում նաև երեխաներ կան: Գյուղապետ Գուրգեն Բալյանն այս պահին Ճամբարակի հիվանդանոցում է, համագյուղացիների կողքին: Թունավորման ախտանշաններով հիվանդանոց տեղափոխվածները նույն թաղի բնակիչներ են:
«Էս պահի դրությամբ վիճակները ոչինչ, լավ է: Մի քանիսը սիստեմայի տակ են: Մոտ 30 հոգի են: Նրանցից 7-ը 7-14 տարեկան երեխաներ են»,-Panorama.am-ին ասաց գյուղապետը:
Բալյանը պատմեց, որ հունիսի 4-ին, ժամը 17-ի սահմաններում Արտաշատ քաղաքից բերել են գյուղի այդ փողոցում թութ են վաճառել, մարդիկ առել են ու կերել:
«Ով հիվանդանոց է դիմել թունավորման ախտանիշով, բոլորին հարցրել ենք, ասել են՝ թութ ենք կերել: Ջրի վարկածը բացառվում է, որովհետև մի թաղամասի բնակիչներն են թունավորվել, իսկ ջրից օգտվում է ամբողջ գյուղը: Երևի տակի մնացած թութն է եղել, էժան գնով վաճառել են ժողովրդին, 250 դրամով են առել, երևի փչացած է եղել, շուտ վաճառել է գնացել, չեն զգացել»,-ասաց գյուղապետը:
Գյուղի ղեկավարն ասաց, որ թութ վաճառողին չեն ճանաչում, այս պահին փորձում են ճշտել ինքնությունը. «Առաջին անգամ է գյուղ եկել, մի քանի օր առաջ էլ շրջկենտրոնում է թութ վաճառել»:
Ոստիկանությունից հայտնում են, որ հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ՀՀ առողջապահության նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Ճամբարակի առողջության կենտրոն են հոսպիտալացվում Վահան գյուղի տարբեր տարիքի բնակիչներ: Հունիսի 6-ին, ժամը 10:45-ի դրությամբ դիմել է 25 անձ, որից 7-ը՝ 4-ից 14 տարեկան երեխա:
Բոլորի մոտ նկատվել են նույն ախտանշանները` սրտխառնոց, փսխում, լուծ, ընդհանուր թուլություն, մի մասի մոտ՝ ջերմություն:
Հիվանդներից 6-ը, որից մեկը՝ երեխա, ստացել են առաջնային բուժօգնություն և տուն ուղարկվել, իսկ 19-ը՝ հոսպիտալացվել է: Նրանցից 12-ի վիճակը գնահատվում է թեթև, 7-ի վիճակը՝ միջին ծանրության: