ԿԳ նախարարը՝ կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու մասին
Կրթություն, գիտություն
14:17 09/06/2015

ԿԳ նախարարը՝ կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու մասին

Կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու որոշակի նախագիծ կա արդեն, որը ներկայացվելու է կառավարության աշխատակազմ` քննարկելու համար,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ով այցելել էր ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոն, որտեղ ընթանում էր ֆիզիկայի միասնական քննությունը:

«Ինձ համար առաջնային խնդիրը իրենց հարկային դաշտ բերելը չէ, չնայած որ այնտեղ կա մոտավորապես 25-30 մլն դոլարի ստվերային շրջանառություն: Իմ խնդիրը հարկայինը չէ, հարկայինով թող զբաղվեն ֆինանսիստները, իմ խնդիրն այն է, որ մեր երեխաները առավոտից երեկո գնում են քաղաքի մի ծայրից մյուս ծայրը, ինչ-որ մարդկանց տներ, ինչ-որ պայմաններում, ինչ-որ բան անելու»,-նշեց նախարարը:

Նրա խոսքերով՝ այդ գործողության լիցենզավորման իմաստը հետևյալն է՝ ֆիքսել, թե որ ժամից կարող է աշխատել կրկնուսույցը, որպեսզի նա իրավունք չունենա կանչել ոչ դասաժամերի հաշվին, ոչ էլ ուշ երեկոյան ժամերի:

Կրթության գերատեսչության ղեկավարն անդրադարձավ նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը ռուսական դպրոց կառուցելու համար տարածք տրամադրելու հարցին՝ նշելով. «Լիցենզավորմանը միքիչ տեղյակ մարդը պետք է հետևյալ երկու գործընթացը իրարից տարանջատի, դպրոցը որպես շենք, և դպրոցը որպես իրավական հիմք ունեցող կրթական ծառայություն մատուցող հաստատություն: Դպրոցը որպես շենք դեռ չկա, կա քաղաքապետարանի որոշում՝ Գազպրոմին տրամադրելու տարածք, որտեղ ներդրում պետք է կատարի և դպրոցական համալիր կառուցի»:

Նրա խոսքով, երբ որ այդ շենքը կլինի, ուսուցչական, աշակերտական, տեխնիկական, գրադարանային կազմերը համալրվեն, նոր կդիմեն լիցենզիայի, չի կարելի լիցենզավորել հողակտորը:

Նշենք, որ այսօր ԵՊՀ-ում տեղակայված քննական կենտրոնում, որտեղ ընթանում է ֆիզիկայի միասնական քննությունը, ԿԳ նախարարը զրուցեց դիմորդների և նրանց ծնողների հետ, պատասխանեց նրանց հարցերին:

Նախորդող հրապարակումներ՝
Աշոտյանը ռեկտորներից պահանջել է բացառել կոռուպցիոն ռիսկերը
Այս կոմեդիայի ավարտին մնացել է ընդամենը 11 օր. Ա. Աշոտյան
Պետք չէ զարմանալ, որ ԿԳ նախարարը միասնական քննությունների մեկնարկին այստեղ չէր. Ա. Աշոտյան

Placeholder
ԿԳ նախարարը՝ կրկնուսույցների գործունեությունը լիցենզավորելու մասին