Մասնագետ. Ըստ երևույթին, ճոճանակը ճիշտ ամրացված չի եղել
Հասարակություն
15:44 12/06/2015

Մասնագետ. Ըստ երևույթին, ճոճանակը ճիշտ ամրացված չի եղել

Ճոճանակը, որը ընկել է երեխայի գլխին՝ պատճառելով մահ, արտադրական վտանգավոր օբյեկտ չէ: Այն փորձաքննության ենթակա չէ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ՏԿԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, ճոպանուղիների և կարուսելների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը, ով քիչ առաջ եղել է դեպքի վայրում, տեսել ճոճանակը:

«Շահագործման ժամանակ, ըստ երևույթին ճիշտ ամրացված չլինելով գետնին, ուժեղ թափ տալուց կամ իրեն հպվելուց շուռ է եկել, երկաթյա կոնստրուկցիան կպել է երեխայի գլխին, ինչի հետևանքով երեխան մահացել է»,-ասաց նա:

Բնակիչները պատմել են, որ Ռ.Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում ճոճանակը տեղադրվել է երկու տարի առաջ:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի մեկնաբանությունը տեղի ունեցածի վերաբերյալ Panorama.am-ին փոխանցեց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:

Վարչական ղեկավարը նախ ցավակցություն է հայտնել մահացած երեխաների հարազատներին, ընտանիքի անդամներին:

«Տվյալ ճոճանակը տեղադրևվել է 2012-ին բնակիչների նախաձեռնությամբ: Արտաքին տեսքից որևէ մտահոգության տեղիք չի տվել, երեք տարի աշխատել է առանց որևէ միջադեպերի»,-ասաց Ա. Գևորգյանը:

Նրա խոսքով, Ա. Ալեքսանյանի հանձնարարությամբ այս պահին վարչական շրջանի բոլոր բակերում իրականացվում են այցեր՝ պարզելու բնակիչների կողմից տեղադրված ճոճանակների վիճակը:

«Բնակիչների կողմից տեղադրված բոլոր ճոճանակները ստուգել լիարժեք, եթե կան մտահոգիչ բաներ, նկատվեն թերություններ, ապա արագ վերացնել բոլոր թերացումները»,-ասաց Ա. Գևորգյանը:

Նրա խոսքով, դեպքին ականատեսները պատմել են, որ միջադեպի ժամանակ երկու հոգու համար նախատեսված ճոճանակին եղել է չորս աննչափահաս, ինչն էլ հնարավոր է նման դեպքի է հանգեցրել:

Հիշեցնենք, նախօրեին դժբախտ պատահար էր գրանցվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ժամը 19:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Ռ.Մելիքյան փողոցի 2Ա շենքի բակում խաղալիս երեխայի վրա ընկել է բակային տարածքում տեղադրված ճոճանակը, որի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ և մահացել:

Նախորդող հրապարակում՝
Մալաթիա-Սեբաստիայում 12-ամյա երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

 

Placeholder
Մասնագետ. Ըստ երևույթին, ճոճանակը ճիշտ ամրացված չի եղել