Կոմիտասի մասին Չալդրանյանի ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը` նոյեմբերին
Մշակույթ
11:00 12/06/2015

Կոմիտասի մասին Չալդրանյանի ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը` նոյեմբերին

Կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը նախատեսվում է նոյեմբերի վերջին:

«Ֆիլմի նկարահանումներն ավարտվել են, մոնտաժային աշխատանքներն են ընթանում: Հույս ունեմ` նոյեմբերի վերջ կլինի անդրանիկ ցուցադրությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Վ. Չալդրանյանը:

Նշենք, որ «Վարդապետի լռությունը» խաղարկային ֆիլմը Կոմիտասի մասին է, նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆիլմը նկարահանվում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այն բոլոր մտահղացումները, գաղափարները, որոնք ունեցել է նախքան ֆիլմի նկարահանումները սկսելը, կարողացել է իրականացնել, ռեժիսորն ասաց. «Մեզանում հասնել գոնե քո ուզածի 70-80 տոկոսին, վիթխարի նվաճում է, որովհետև միշտ էլ մեր երկրում գումարները քիչ են, հնարավորություններ քիչ են, լուրջ մասնագետների պակաս կա: Կինոն կոլեկտիվ արվեստ է, նույնիսկ ռեժիսորի օգնականը ժամանակին մասնագիտություն էր, մոռացել ենք այդ մասին: Իմ օգնականը դառնում է ֆիլմի տնօրենը, ես եմ ուրիշի օգնականը դառնում: Վերջերս դառը ճշմարտություն ասացի նկարահանող խմբին՝ սիրողական պայմաններում փորձում ենք պրոֆեսիոնալ կինո անել, մինչդեռ կան խմբեր, որոնք պրոֆեսիոնալ պայմաններում անում են սիրողական կինո: Կան թեմաներ, որոնց վրա հովանավորները հաճույքով չեն վազում, մեծ գումարներ հնարավոր չէ հայթայթել, իսկ եթե էժանագին թեմա լինի, իհարկե, մեծ գումարներ կգտնվեն»:

Խոսքի վերջում ռեժիսոր Վիգեն Չալդրանյանն ասաց. «Չեմ դժգոհում, ինձ համար ամենակարևորն այն է, որ, չնայած պայմաններին, ես ստեղծագործում եմ: Թե ինչպես՝ իմ խնդիրն է»:

Placeholder
Կոմիտասի մասին Չալդրանյանի ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը` նոյեմբերին