Մեղրիում բնակելի շենքն ամբողջությամբ այրվել է, մարդիկ տեղափոխվել են հյուրանոց
Օրվա թեմա
14:04 13/06/2015

Մեղրիում բնակելի շենքն ամբողջությամբ այրվել է, մարդիկ տեղափոխվել են հյուրանոց

Մեղրիում այսօր առավոտյան Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում բռնկված հրդեհի հետևանքով ամբողջ շենքն այրվել է, բնակիչների գույքը վնասվել: Հրդեհի հետևանքով մահացել է 75-ամյա մի տատիկ:

«Հրդեհը շատ արագ բռնկվեց, և նրան փրկել չհաջողվեց», -Panorama.am-ին տեղեկացրեց Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը` ընդգծելով, որ այնքան ուժգին է եղել հրդեհը, որ հրդեհաշիջմանը մեծ թվով տեխնիկա է գործի դրվել:

Քաղաքապետի խոսքով, բնակելի շենքի հրդեհից այրվել է շենքի կողքին գտնվող մի սեփական տուն` ամբողջությամբ, իսկ մյուսը` մասնակի: Ընդհանուր առմամբ, 24 ընտանիք` 60 անձով, մնացել է անօթևան:

«Ժողովուրդը մի մարդու նման ոտի էր կանգնել. Շենքի մի մուտքից որոշակի գույք կարողացել ենք փրկել, իսկ մյուս մուտքից ընդհանրապես ոչ մի գույք չի փրկվել», -ներկայացրեց քաղաքապետը:

Նա ասաց, որ այժմ անօթևան մնացած բնակիչներին տեղավորել են «սովետի ժամանակներից կանգուն մնացած» հյուրանոցում:

«Մարզպետը բանակցեց հյուրանոցի սեփականատիրոջ հետ ու հիմա հյուրանոցը տրամադրել են, որ մարդիկ անվճար ապրեն, մինչև հիմնական հարցը կարողանանք լուծել»,- ասաց քաղաքապետը` հույս հայտնելով, որ պետությունը տեր կկանգնի տուժած ժողովրդին:

Հրդեհի պատճառը, նախնական արդյունքներով, ինչպես քաղաքապետն ասաց, «բնակիչներից մեկի մեղքով գազի նկատմամբ անփույթ վերաբերմունքն» է եղել:

Նախորդող հրապարակում`
Մեղրիում շենք է այրվում

Placeholder
Մեղրիում բնակելի շենքն ամբողջությամբ այրվել է, մարդիկ տեղափոխվել են հյուրանոց