Վարշավայի «Անկախության թանգարանում» ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ
Հասարակություն
12:40 17/06/2015

Վարշավայի «Անկախության թանգարանում» ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Լեհաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լեհաստանի «Արմենիան Ֆաունդեյշն» հիմնադրամի հովանավորությամբ Վարշավայի «Անկախության թանգարանում» տեղի ունեցավ Անգլիայում բնակվող հայ պատմաբան Արա Սարաֆյանի «The Blue Book. Evidence of The Armenian Genocide» բրիտանական արտադրության վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Միջոցառմանը ներկա են եղել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, դիվանագետներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լեհ մտավորականներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ֆիլմի ցուցադրությունից առաջ դեսպան Ղազարյանը համառոտ ներկայացրել է ֆիլմի նախապատմությունը և անդրադարձել դրա հեղինակ, պատմաբան Արա Սարաֆյանի գործունեությանը:

Ֆիլմի ցուցադրությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ժամանակ դեսպան Ղազարյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին:

Միջոցառման ավարտին կինոդահլիճի նախասրահում ներկայացվել է Լեհաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն» խորագրով նկարների ցուցահանդեսը:

 

Placeholder
Վարշավայի «Անկախության թանգարանում» ցուցադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով ֆիլմ