Հանեք, բացասական սպասումներ առաջացնող նախագիծ է. Արծվիկ Մինասյան
Քաղաքական
17:02 19/06/2015

Հանեք, բացասական սպասումներ առաջացնող նախագիծ է. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում «Պետական պարտքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը նշեց, թե չի հասկանում՝ ինչո՞ւ են հիմա ուզում կառավարության պարտքի շեմը դարձնել 60%, եթե դեռևս 1,5 մլրդ դոլարի պարտք վերցնելու հնարավորություն կա:

«Ինչո՞ւ ենք թռիչքաձև բարձրացնում»,- հարցրեց նա և հավելեց` ի՞նչ ազդեցություն ունի այս փոփոխությունը պարտքի վրա:

Նախագծի հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ այս փոփոխությունը որևէ ազդեցություն չունի՝ հատկապես, որ պետական պարտքի ավելացման հարց չի քննարկվում ընդհանրապես:

«Փոփոխությունը վերաբերում է կիրառվող սահմանափակումների ներդաշնակեցմանը»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են բարձրացնում շեմը, Ա. Ջանջուղազյանը նշեց, որ ձևակերերպման հետ համամիտ չէ. «Թվաբանությամբ, այո, ինքնըստինքյան բարձրացվում է, բայց մենք ներդաշնակեցնում ենք: Եթե նույնիսկ դիտարկենք, որ պարտքի շեմն ենք բարձրացնում, ապա ավելի հեշտ կլիներ դա քննարկել, եթե նպատակն իսկապես դա դրված լիներ այն ժամանակ, երբ որ դրա կարիքը կար»:

Ստեփան Մարգարյանն էլ արձագանքեց. «Անհասկանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ եք հրատապ բերել, եթե նոր պարտք վերցնելու խնդիր չկա, ապա ինչո՞ւ ենք հրատապ քննարկում»:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ այս օրենքը պետք է ամբողջությամբ վերանայվի՝ սկսած համախառն պարտքի քաղաքականությունից, ավարտած Կառավարության և այլ պարքտերի ներգրավման քաղաքականությունով: «Հետևաբար, այս նախագիծը բացասական սպասումներ առաջացնող նախագիծ է: Հորդորում, առաջարկում և խնդրում ենք Ձեզ՝ հանեք, առաջինից երկրորդ ընթերցման մի տարեք, որևէ ձևով չի արդարացնում այն նպատակը, որ հայտարարում եք, թե զուտ վիճակագրության համար է»,- նշեց Ա.Մինասյանը:

Նախորդող հրապարակում՝
Կառավարության նոր վիճահարույց օրենքը

Placeholder
Հանեք, բացասական սպասումներ առաջացնող նախագիծ է. Արծվիկ Մինասյան