Մայր բուհը կշարունակի ղեկավարել Արամ Սիմոնյանը
Կրթություն, գիտություն
12:32 19/06/2015

Մայր բուհը կշարունակի ղեկավարել Արամ Սիմոնյանը

Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Նիստին մասնակցել է նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ներառված է եղել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության հարցը:

Հիշեցնենք, որ հայտ էր ներկայացրել մեկ թեկնածու՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը (ինքնառաջադրմամբ):

Այնուհետև ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը ներկայացրել է ԵՊՀ զարգացման ծրագիրը, հակիրճ խոսել այն խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են բուհի զարգացմանը:

«ԵՊՀ-ում ընթացող ռեֆորմները և այդ ասպարեզներում տարվող քաղաքականությունն անհրաժեշտաբար պետք է կապվեն բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների և սոցիալական հավասարության արժեքների հետ, ինչը պահանջում է ուսանողների, դասախոսական կազմի, վարչակազմի, գործատուների, կառավարության և այլ շահակիցների ակտիվ ներգրավում այդ գործընթացներում»,- ելույթում նշել է Արամ Սիմոնյանը:

Փակ և գաղտնի քվեարկության արդյունքում ԵՊՀ ռեկտորի պաշտոնում միաձայն ընտրվել է ներկայիս ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:

Ընթացիկ հարցերում ընդգրկված է եղել նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի դեղագիտության և քիմիայի ֆակուլտետում դեղերի տեխնոլոգիայի և էկոնոմիկայի ամբիոնի, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում չինարենի և չինական մշակույթի կենտրոնի, «Ուսանողական ծառայություններ» ՍՊԸ-ի ստեղծման, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2015 թ. ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձի ընտրության, հիմնադրամի սեփականությունը հանդիսացող լրիվ մաշված (օգտագործման համար ոչ պիտանի) գույքի դուրսգրման, լուծարման և օտարման կարգի հաստատման, ինչպես նաև հիմնադրամի 2014 թ. գործունեության մասին «azdarar.am» պաշտոնական կայքում հրապարակվող հաշվետվության կրճատ տարբերակի հաստատման հարցերը:

Առաջադրված բոլոր հարցերը քննարկումներից ու պարզաբանումներից հետո նույնպես հավանության են արժանացել հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից:

Placeholder
Մայր բուհը կշարունակի ղեկավարել Արամ Սիմոնյանը