«Եթե Հայաստանում իրականացվի հելիոֆիկացիայի ծրագիր, ապա էլեկտրաէներգիայի թանկացման խնդիր չենք ունենա»
Տնտեսություն
12:57 20/06/2015

«Եթե Հայաստանում իրականացվի հելիոֆիկացիայի ծրագիր, ապա էլեկտրաէներգիայի թանկացման խնդիր չենք ունենա»

Տեխնիկական գիտությունների դոկտոր, Հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ Վահան Համազասպյանն ասում է, որ Հայաստանում պետք է արևային տեխնիկայի անցնել: Նրա խոսքերով՝ եթե Հայաստանում իրականացվեր հելիոֆիկացիայի ծրագիր, ապա այսօր էլեկտրաէներգիայի թանկացման խնդիր չէինք ունենա, քանի որ հոսանքը կվաճառվեր շատ ավելի մատչելի գնով, քան վաճառվում է:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վ.Համազասպյանը, հելիոֆիկացիայի ծրագրի ներդրման դեպքում 1 կվտ ջերմային էներգիայի արժեքը կկազմի 0,3 դրամ՝ 50 դրամի փոխարեն։ Կոնկրետ ընտանիքը կշահի նրանով, որ կխնայի հսկայական քանակությամբ գազ և կստանա ջերմային էներգիայի մեծ պաշար:

Նրա խոսքերով՝ էլեկտրաէներգիայի թանկացման պարագայում ճիշտ լուծումը հելիոֆիկացիայի զարգացումն է և լավագույն տարբերակը ջերմային էներգիայի օգտագործումն է:

«Հելիոֆիկացիայի ծրագիրը չի իրականացվում հիմնականում իշխող ուժերի մերժումների պատճառներով: Երբ լսում եմ պատգամավորների հիմնավորումները հոսանքի թանկացման վերաբերյալ, մի միտք է ծագում, թե ինչպես ազատվել նման պատգամավորներից»,- ասաց Վ.Համազասպյանը:

Ըստ նրա՝ գտել են ճանապարհը, որը թույլ է տալիս ավելի հաջողակ լինել այս հարցում, բայց իշխանությունները համառորեն մերժում են:

«Այստեղ մեծ հեռանկար կա, եթե Հայաստանն իրականացնի հելիոֆիկացիայի ծրագիրը, ապա կարող է այս ուղղությամբ լիդեր դառնա»,- նշեց Վ. Համազասպյանը՝ հավելելով, թե ներդրումների խնդիր չկա, ուղղակի պետք է, որ կառավարությունն ու իշխանությունները գործընթացին չխանգարեն:

Նրա խոսքերով՝ փորձելու է իր ծրագիրն իրականացնել սփյուռքում, քանի որ այնտեղ հետաքրքրությունը շատ մեծ է:

Placeholder
«Եթե Հայաստանում իրականացվի հելիոֆիկացիայի ծրագիր, ապա էլեկտրաէներգիայի թանկացման խնդիր չենք ունենա»