ԲՀԿ-ն փոխել է կարծիքը. Սահմանադրական բարեփոխումները իշխանությունների վերարտադրվելու հարց չեն լուծում
Մեկնաբանություններ
12:29 24/06/2015

ԲՀԿ-ն փոխել է կարծիքը. Սահմանադրական բարեփոխումները իշխանությունների վերարտադրվելու հարց չեն լուծում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներին մասնակցում է, կարծես մտել է բովանդակային քննարկման մեջ, մնում է իր տեսակետին` դեմ են խորհրդարանական կառավարման համակարգին, բայց փոխել են կարծիքը` Սահմանադրական բարեփոխումներով իշխանությունների վերարտադրվելու հարց չի լուծվում:

Հիշեցնենք` ԲՀԿ-ն պնդում էր, թե դեմ են Սահմանադրական բարեփոխումների անցկացմանը, ավելին, հայտարարում էին, թե ՍԴ բարեփոխումներ անելու անհրաժեշտություն չեն տեսնում և բացի այդ, Սահմանադրական բարեփոխումները ներկայիս իշխանությունների վերարտադրվելու հարցն են լուծում:

Այժմ փաստորեն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բովանդակային քննարկումների մեջ է մտել Սահմանադրական բարեփոխումների հարցում և բացի կառավարման վերաբերյալ գլխից, մյուս գլուխների վերաբերյալ քննարկումներին մասնակցում:

«Էն, ինչը չի վերաբերում կառավարման մոդելին, այսինքն՝ մարդու իրավունքներ ու հիմնարար ազատություններ, դատական, ընտրական համակարգեր կարող ենք անդրադառնալ, որովհետև դա կառավարման մոդելի հետ կապ չունի: Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, մենք մնացել ենք մեր տեսակետին, փոփոխություն չկա», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Քննարկումներին մասնակցության վերաբերյալ, Մելքումյանն ասաց, որ երկրում ընթանում են Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին համահունչ քննարկումներ, հետևաբար ԲՀԿ-ն «կարող է արձագանքել»: Օրինակ, վերջերս ինքը հանդիպել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ, քննարկել են հայեցակարգի նախագիծը:

«Բայց մեր տեսակետը չի փոխվել, մենք մնում ենք նրան, որ պետք է բարելավել կիսանախագահական համակարգը»,-հավելեց պատգամավորը` նկատելով, որ կուսակցության ներսում կառավարման մոդելի վերաբերյալ դիրքորոշման փոփոխության մասին քննարկում չի եղել:

Ինչ վերաբերում է «իշխանությունների վերարտադրվելու» վերաբերյալ հայտարարություններին, ապա Մելքումյանի խոսքով, այդ հարցում կուսակցության դիրքորոշումը փոխվել է: Մելքումյանն իհարկե, չհիշեց, թե երբ է կուսակցությունը նման հայտարարություն արել, բայց ասաց, որ այժմ «վերարտադրության մասը դուրս է եկել» իրենց բառապաշարից:

«Ես, որպես անձ, չեմ պնդում, որ իշխանության վերարտադրման փորձ է արվում ներկայացվող հայեցակարգով: Կուսակցությունում էլ վերջերս վերարտադրության էլեմենտի մասին չենք խոսում»,-հավելեց ԲՀԿ-ականը:

Placeholder
ԲՀԿ-ն փոխել է կարծիքը. Սահմանադրական բարեփոխումները իշխանությունների վերարտադրվելու հարց չեն լուծում