Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Էլեկրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ընթացող բողոքի ակցիաների, ինչպես նաև հարցի առնչությամբ հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ անցկացված խորհրդակցության ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության վերաբերյալ panorama.am-ը զրուցել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի հետ:
Պրն. Մինասյան, ինչպե՞ս կգնհատեք ստեղծված իրավիճակը:
Նախևառաջ, բերեք հասկանանք, թե ի՞նչ են, այդուամենայնիվ, պահանջում ցուցարարները: Նրանց գլխավոր պահանջը, սակագնի բարձրացման վերաբերյալ որոշման կասեցումն էր: Հանրապետության նախագահը, ըստ էության, առաջարկում է մի լուծում, ըստ որի, կասեցվում է բարձացման որոշումը: Ընդ որում, դա արվում է ոչ միայն քաղաքացիների, այլև տնտեսվարող սուբյեկտների համար: Շատ կարևոր, որ սա արվում է նաև տնտեսվարողների համար: Այս քայլը ըստ էության, բացառում է այն, ինչից ամենից շատ վախենում էին բոլորը, առ այն, որ կգնա շղթայական ռեակցիա և կհանգեցնի այլ ծառայությունների և ապրանքների գների բարձրացման: Ըստ էության, ի կատար է ածվում ցուցարարների հիմնական առաջարկը: Այս կասեցումը էներգերիկ համակարգի համար կարող է լինել փոխհատուցմամբ, կամ առանց դրա:
Մյուս կողմից, ի՞նչ իրավիճակ կստեղծվեր, այն պարագայում երբ, որոշումը ուղղակի, առանց որևէ իրական լուծման, պետբյուջեից տրվելիք փոխհատուցման կասեցվեր: Այդ դեպքում, եթե պարզվեր, որ բարձրացումը արդարացված է, տնտեսվարող սուբյեկտները կհայտնվեին չհիմնավորված, շեշտում եմ, չհիմնավորված վատ տնտեսական վիճակում, որը կհանգեցներ համակարգի քայքայման, նոր վարկերի ներգրավման անհրաժեշտության: Արդյունքում համակարգի վերականգնման համար կպահանջվեին շատ ավելի մեծ գումարներ:
Երկրի ղեկավարը առաջարկում է ցուցարարների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրել միջազգային լավագույն կառույցներին, և պարզել թե այդյո՞ք հիմնավոր է արդեն իսկ կասեցված էլեկտրաէներգիայի սակագնի բարձացումը: Եթե պարզվի, որ բարձրացումը հիմնավոր չէ, ապա նման իրավիճակի ստեղծման մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ, իսկ կասեցումը կկրի մշտական բնույթ: Բացի դրանից, պետական գանձարան կվերադարձվեն տնտեսվարող սուբյեկտներին փոխանցված գումարները: Իսկ եթե պարզվի, որ բարձրացումը հիմնավոր է, ապա դա արդեն իսկ կլինի ընդունելի որոշում: Հստակ է, որ նախագահը, ըստ էության, լուծել է ցուցարարների առաջ քաշված խնդիրը:
Արդյունքում ՀՀ նախագահի կողմից առաջարկվող լուծման ճանապարհը ոչ միայն համապատասխանում է ցուցարարների պահանջներին, այլև հնարավոր երկու լուծումներից լավագույն է: Այսինքն` ոչ թե կասեցնել և չփոխհատուցել, այլ, ընդհակառակը` կասեցնել և փոխհատուցել մինչև աուդիտի վերջնական եզրակացությունը:
Սակայն, ցուցարարները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել նստացույցի մասնակիցների դեմ ուժ կիրառած իրավապահներին:
Այս հարցով նշանակվել է ծառայողական քննություն, և ես վստահ եմ, որ դրա արդյունքում կպատժվեն բոլոր մեղավորները, անկախ այն հանգամանքից թե օրինախախտները կհանդիսանան ցուցարար, թե՛ իրավապահ: