«Պետք է օգտագործել Միդեմում Հայաստանի հաջողությունը` երաժշտական բիզնեսը զարգացնելու համար». Կորնելիա Մուխ
Մշակույթ
17:51 01/07/2015

«Պետք է օգտագործել Միդեմում Հայաստանի հաջողությունը` երաժշտական բիզնեսը զարգացնելու համար». Կորնելիա Մուխ

Վերջերս Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով մասնակցեց Կաննում տեղի ունեցած Միդեմ (MIDEM)  միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին:

Panorama.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում բացառիկ հարցազրույց Միդեմ փառատոնի ավագ ներկայացուցիչ Կորնելիա Մուխի հետ Միդեմում Հայաստանի մասնակցության շուրջ:

«Տպավորությունը, որ Հայաստանն այս տարի թողեց Միդեմում շատ մեծ էր: Բոլորը, ում հետ ես խոսել եմ, շատ զարմացած ու հիացած են. նրանց համար Հայաստանը մեծ հայտնագործություն էր», - իր խոսքում ասաց Կորնելիա Մուխը: Նրա կարծիքով` Հայաստանի մասնակցության ուժեղ կողմերից մեկն այն էր, որ ներկայացվեց ո՛չ միայն երկրի երաժշտությունը, այլև հարուստ մշակութային բազմազանությունը:

Նա առանձնացրեց բոլոր երաժշտական կատարումները, իսկ խոսելով Հայաստանի կողմից կազմակերպած Միդեմի բացման արարողության մասին, ուր ներկայացված էին տարբեր ոճերի երաժշտական խմբեր` ջազ, էթնո, ռոք, դասական, ինչպես նաև ազգային պարեր, ասաց, որ Միդեմում երկար ժամանակ չէին ունեցել այդպիսի բացման երեկույթ:

Հայաստանը Միդեմին մասնակցում էր մեծ պատվիրակությամբ` ՀՀ նախագահի և ՀՀ մշակույթի նախարարի գլխավորությամբ: Արդյունքում հաստատվեցին բազմաթիվ նոր կապեր, որոնք կարող են օգտագործվել Հայաստանում երաժշտական բիզնեսը նոր միջազգային մակարդակի վրա դնելու համար:

Կորնելիա Մուխի կարծիքով` «Կարևոր է, որ այն ենթակառուցվածքները, որ Հայաստանն ունի, զարգացվեն Միդեմի միջոցով… Լավ կլինի նաև հետազոտություն անցկացնել պարզելու համար, թե քանի ձայնագրման ստուդիաներ, հրատարակչական կազմակերպություններ կան, թե հատկապես որ երաժշտական ժանրն է առավել ուժեղ Հայաստանում և այլն: Այս հետազոտության արդյունքները կարող են ներկայացվել նաև հաջորդ տարի Միդեմում»:

Խոսելով միջազգային երաժշտական բիզնեսում Հայաստանի ներգրավման հեռանկարներն ընդլայնելու մասին` Կորնելիա Մուխն ասաց.

«Հայաստանը աշխարհի երկրների մեջ իր ուրույն տեղն ունի. այն նոր շուկա է, իսկ նոր շուկաների մեջ բոլորը շատ հետաքրքրված են»:

Նշելով, որ Հայաստանի մասնակցությունը Միդեմին հսկայական քայլ էր` նա խորհուրդ տվեց զարգացնել այն` հետագայում համագործակցելով միջազգային հրատարակչատների, ձայնագրման ստուդիաների, պետական և մասնավոր հիմնադրամների, ինչպես նաև երաժիշտների մենեջմենթով զբաղվող կազմակերպությունների հետ, որոնք ներդրում կանեն Հայաստանում կամ կհիմնեն համատեղ ձեռնարկություն այստեղ: Նա նաև նշեց, որ քայլեր այս ուղղությամբ արդեն արվում են` օրինակ բերելով Արամ Խաչատրյան միջազգային մրցույթը:

Բիզնեսի տեսանկյունից Մուխը կարևորեց հայ երաժիշտության յուրահատկությունը, տաղանդավոր երաժիշտների, ինչպես նաև Հայաստանում գործող մի քանի խոշոր ընկերությունների (ինչպիսիք են Շարմ հոլդինգը, TM Production-ը) և ձայնագրման ստուդիաների առկայությունը:

«Ինձ ասացին, որ դուք բարձր մակարդակի ձայնագրման ստուդիաներ ունեք: Սա շատ հետաքրքիր և հեռանկարային բիզնես մոդել կարող է լինել Հայաստանի համար, քանի որ արևմտյան երկրներում ձայնագրման ստուդիաների գները շատ բարձր են: Պետք է պարզել, թե քանի կազմակերպություն կարելի է բերել, նրանց ձայնագրություններն անել ու թողարկել նրանց ձայնասկավառակները Հայաստանում», - ասաց նա:

Տիկին Մուխի համոզմամբ Հայաստանում երաժշտության ոլորտում ներդրումը շատ լավ կփոխհատուցվի:

Այս առումով ըստ նրա լավ կլիներ մշակել ռազմավարական պլան` հստակեցնելու համար, թե կոնկրետ ինչ է երկիրը և կառավարությունը ակնկալում երաժշտության ոլորտից և թե ինչպիսի ներդրումներ են անհրաժեշտ:

Նա նաև հատուկ շեշտեց Հայաստանի անդամակցության անհրաժեշտությունը Ֆոնոգրամմայի և վիդեոգրամմայի արտադրողների միջազգային ֆեդերացիային (IFPI), որը երաժշտության ոլորտի ամենահեղինակավոր կառույցներից մեկն է աշխարհում:

«Հայաստանը կարող է շատ հպարտ լինել Միդեմում այս տարի իր ներկայությամբ… Մենք ակնկալում ենք տեսնել Հայաստանի մասնակցությունը Միդեմում հաջորդ տարի», - եզրափակեց իր խոսքը Կորնելիա Մուխը:

Հարցազրույցը վարեց Նվարդ Չալիկյանը

Միդեմում Հայաստանի մասնակցությունն իրականացվում էր Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում:

Նույն շարքից `
Միդեմ փառատոնի նախագահ. Հայաստանի ելույթը` որպես պատվավոր երկիր, ամենապավորիչն էր Միդեմի ողջ պատմության մեջ
Միդեմի նախագահ. Գնալով ավելի է բացահայտվում հայկական արվեստի ու մշակույթի բազմազանությունը
Հայաստանը պատվավոր հյուր է MIDEM 2015 միջազգային փառատոնում. Կորնելիա Մուխ

Placeholder
«Պետք է օգտագործել Միդեմում Հայաստանի հաջողությունը` երաժշտական բիզնեսը զարգացնելու համար». Կորնելիա Մուխ