Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի
Մշակույթ
16:18 02/07/2015

Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Մանե Գալոյանը Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակին: Panorama.am-ին տեղեկացրեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը

«Շատ մեծ հաջողություն է: Համաշխարհային ճանաչում ունեցող մրցույթ է»,- նշեց նա:

Նախօրեին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում տեղի է ունեցել Չայկովսկու անվան 15-րդ միջազգային մրցույթի մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:  

Մրցույթը մեկնարկել է հունիսի 15-ին, անցկացվում է Մոսկվայում և Սանկտ Պետերբրգում: Ռիա նովոստին գրում է, որ մասնակիցներ կային Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Մրցույթի արդյունքներով՝ վեցական մրցանակ է հանձնվել դաշնակահարներին, ջութակահարներին ու թավջութակահարներին և ութ վոկալիստների:

Առաջին մրցանակին արժանացած մասնակիցներին տրվել է  30 հազարական դոլար և ոսկե մեդալ,  երկրորդ՝ 20 հազարական դոլար և արծաթե մեդալներ, երրորդ՝ 10 հազարական դոլար և բրոնզե մեդալներ:


Նշենք, որ երրորդ մրցանակին է արժանացել նաև ՌԴ-ն ներկայացնող ջութակահար Հայկ Ղազազյանը:

Այսօր Մոսկվայում կկայանա մրցույթի դափնեկիրների գալա համերգը, իսկ հունիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունենալիք համերգի ժամանակ կհանձնվի մրցույթի գրան պրին (100 հազար դոլար):

Չայկովսկու անվան միջազգային մրցույթն անցկացվում է 1958 թվականից:

Placeholder
Հայուհին Չայկովսկու անվան միջազգային մրցույթում արժանացել է մրցանակի