ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերն ունեն բավական տեխնիկա մեր տարածքն անառիկ պահելու համար. Արմեն Ափիկյան
Քաղաքական
13:37 06/07/2015

ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերն ունեն բավական տեխնիկա մեր տարածքն անառիկ պահելու համար. Արմեն Ափիկյան

«Հայաստանի ԶՈւ ռազմաօդային ուժերի ձևավորման, կայացման ճանապարհը լի է եղել խնդիրներով, դժվարություններով, բայցևայնպես այսօր ունենք ռազմաօդային ուժեր, որոնք կարողանում են ցանկացած տրված առաջադրանք, խնդիր տարբեր ժամանակներում կատարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական ավիացիոն ուժերի անձնակազմի հրամանատար, անկախության տարիների առաջին օդաչու Արմեն Ափիկյանը:

Նշենք, որ հունիսի 26-ին լրացել է ՀՀ ԶՈՒ ռազմաօդային ուժերի ձևավորման 23-րդ տարին: Իսկ թե ինչո՞ւ օրը մեծ շուքով չնշվեց հարցին ի պատասխան, նա ասաց. «Անցած տարվա նոյեմբերին Ղարաբաղում ուսումնավարժական թռիչքի ժամանակ հակառակորդը լկտիաբար խոցեց մեր անզեն ուղղաթիռը, զոհվեցին մեր ընկերները: Մեր ընկերների մահվան մեկ տարին չի լրացել, այդ պատճառով էլ որոշեցինք այդ օրը չնշել»:

Նրա խոսքով, այսօր Ավիացիայի ինստիտուտը լավ կադրեր է պատրաստում, ովքեր իրենց ծառայությունը շարունակում են զորամասերում:

ՀՀ ՊՆ ռազմաօդային ուժերի մայոր Գոռ Ղազարյանն ասաց. «Քանի դեռ մեր երկում մանուկներ են ընկնում, մենք տեր ենք լինելու մեր երկրին: Մեր երկրի զինվորներն ենք, տարբերություն չկա, ով է մեզ հարվածողը, համարժեք պատասխան է ստանալու, եթե ոչ ավել»:

Արմեն Ափիկյանը նշեց, որ այսօր ոլորտի հիմնական խնդիրը կարելի է համարել նորագույն տեխնիկա ձեռք բերելը, մնացած պայմանները նորմալ են:

«Թեև նորագույն տեխնիկայի կարիք ունենք, բայց մեր այսօրվա տեխնիկան էլ բավական է, որ համարժեք պատասխան տանք հակառակորդին, անառիկ պահենք մեր օդային տարածքը»,- նշեց նա:

Գ. Ղազարյանն ասաց, որ այն, ինչն ունենք, լավ վիճակում է:

Placeholder
ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերն ունեն բավական տեխնիկա մեր տարածքն անառիկ պահելու համար. Արմեն Ափիկյան