ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը
Քաղաքական
17:38 07/07/2015

ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին:

ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները և դրանց խորհուրդը։ 

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանն ու Հերբերտ Զալբերն անդրադարձել են Ռիգայի գագաթաժողովի հռչակագրում ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ջանքերին և նրանց կողմից 2009 թվականից արված հայտարարություններին արտահայտված աջակցությանը։

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Զալբերը նշել է, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, և վերահաստատել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակներում ընթացող բանակցություններին։ 

Placeholder
ԱԳ նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը