Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԼՂՀ Սահմանադրություն. Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները
Գերման Ստերլիգովը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տնտեսական գործունեություն այս պահին չի իրականացնում, տնտեսական գործունեություն իրականացնելու հայտ չի ներկայացրել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանը:
Մաքսիմ Ալեքսանյանը, ով դեռ մի քանի օր առաջ ԼՂՀ-ի՝ այժմ կառուցվածքային փոփոխությունների փուլում գտնվող կադաստրի պետի պաշտոնակատարն էր, Panorama.am-ին տեղեկացրեց, որ ինքը տվյալներ չունի Ստերլիգովի կողմից հողատարածք գնելու կամ վարձակալելու մասին:
Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ից Panorama.am-ին հայտնել էին, որ ռուս գործարարը Արցախ այցելելիս ԼՂՀ Արտգործնախարարության հյուպատոսական բաժնում գրանցվել է որպես զբոսաշրջիկ:
Ստերլիգովը առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի տվել, «Վկոնտակտե» սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ սարերից իջել է, բացել ինտերնետը ու զարմացել. «Հայտարարում եմ մամլո ասուլիս առաջիկա երկուշաբթի: Վայրը` Լեռնային Ղարաբաղ, հին հայկական Շուշի քաղաք, կեսօրին, հասցեն` Ղազանչեցոց 58»:
Արտակ Բեգլարյանը տեղեկացրեց, որ ԼՂՀ Սահմանադրության 33 հոդվածի 5-րդ կետն արգելում է օտարերկրացիներին Արցախում սեփականության իրավունքով հող գնել: Արցախի մայր օրենքը սահմանում է. «Հողի նկատմամբ սեփականության իրավունք չունեն օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
Բացառությունները սահմանում է ԼՂՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը: Օրինակ, այդ հոդվածի առաջին կետը սահմանում է.
1. Պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար և որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար`
1/ պատերազմական գործողություններից տուժած, նոր բնակեցվող, ծայրամասային և լքված բնակավայրերում /ցանկը հաստատում է կառավարությունը/ այն ընտանիքներին, որոնք նախկինում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, չեն ստացել /ձեռք բերել/ տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամասեր.
2/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող այն ընտանիքներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել սույն հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետում նշված բնակավայրերում:
Օրենքով նաև սահմանվում է, որ գյուղատնտեսական գործունեության համար անհատույց տրամադրված հողամասերի օգտագործումն այլ նպատակներով արգելվում է:
Ի դեպ, վարչապետի մամուլի խոսնակն ասաց, որ Արցախում տնտեսական գործունեություն ծավալող օտարերկրացիներ շատ կան, նրանք հիմնականում ներգրավված են զբոսաշրջության, հանքարդյունաբերության ու էներգետիկ ոլորտներում: Բացի օտարերկրացի հանդիսացող հայերից այդ ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունների բաժնետերեր են նաև օտարերկրացի այլազգիներ:
Ստերլիգովի վերաբերյալ այլ հրապարակումներ՝
Լեռնային Ղարաբաղը հրաշք երկիր է, որտեղ ագրեսիա չկա, որտեղ ժողովուրդը բարի է. Գերման Ստերլիգով
Ռուս մեծահարուստը Արցախ է այցելել որպես զբոսաշրջիկ
Ռուս գործարարը լքել է Ռուսաստանը և հաստատվել Լեռնային Ղարաբաղում
Ստերլիգովի կինը Արցախում նորաձևության կենտրոն կբացի (տեսանյութ)