Ինչի՞ շուրջ էին անհամաձայն հույները և ինչու՞ տեղի տվեցին
Վերլուծություններ
12:32 11/07/2015

Ինչի՞ շուրջ էին անհամաձայն հույները և ինչու՞ տեղի տվեցին

Հունաստանը հուլիսի 5-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքում մերժեց ԵՄ-ի և մյուս վարկատուների կողմից առաջարկված օգնության փաթեթը: Սակայն դրանից ընդամենը 5 օր անց Հունաստանի կառավարությունն ինքը հանդես եկավ առաջարկությունների փաթեթով, որի դիմաց պետք է ստանար անհրաժեշտ 53,5 մլրդ եվրոն` պետական պարտքը մարելու և տնտեսության առողջացման համար:

ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն` Հունաստանի ներկայացրած փաթեթը բազմաթիվ կետերով կրկնում է մինչ այդ վարկատուների առաջարկածին` բացառությամբ որոշ մանր շտկումների: Հարց է ծագում` ինչու՞ էր Հունաստանի կառավարությանն անհրաժեշտ նախ մերժել վարկատուների առաջարկը և չանցած 5 օր` ներկայացնել նախորդին նման փաստաթուղթ: Երկու փաստաթղթերի նմանության մասին է վկայում նաև այն, որ երկրորդի հրապարակումից անմիջապես հետո այն հավանության արժանացավ Ֆրանսիայի կողմից, իսկ Գերմանիան թեև նախընտրեց սպասել վարկատուների գնահատականին, սակայն չընդդիմացավ դրան:

Ինչպես և հանրաքվեի արդյունքում մերժված փաթեթում էր նախատեսվում` հույներն առաջարկում են կրճատել սեփական ռազմական ծախսերը, սակայն ավելի քիչ չափով, քան պահանջում էին վարկատուները: Բացի դրանից` հույները նախատեսում են իրականացնել բարեփոխումներ կենսաթոշակային համակարգում, բարձրացնել ԱԱՀ-ն, ինչպես նաև մշակել պետական ունեցվածքի մասնավորեցման ժամանակացույց:

Հունաստանի կողմից ներկայացված 13 էջանոց փաստաթղթի համաձայն` նախատեսվում է, որ ապագայում կենսաթոշակառուները պետք է ավելի շատ ծախսեր կատարեն իրենց բժշկական ապահովման համար: Բացի դրանից` կենսաթոշակային տարիքից շուտ թոշակի անցնելու գործընթացն ավելի է դժվարանալու և ավելի քիչ մարդիկ են դրա հնարավորությունն ունենալու:

Ավելացվելու են նաև ձեռնարկատիրական գործունեության և շքեղության վրա կիրառվող հարկերի դրույքաչափերը, ինչպես նաև խստացվելու է հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը: Նախատեսվում է նաև բարձրացնել ծովային փոխադրումներով զբաղվող ընկերությունների հարկային բեռը: Մինչև 2016թ-ի վերջը վերացվելու են Էգեյան ծովի հունական կղզիների համար սահմանված հարկային արտոնությունները: Կառավարությունը նաև նախատեսում է վաճառել հեռահաղորդակցության ծառայություններ մաուցող OTE ընկերության պետական բաժնեմասը, ինչպես նաև մինչև հոկտեմբեր պարտավորվում է սահմանել Պիրեյ և Սալոնիկ նավահանգիստների պետական բաժնետոմսերի վաճառքի անցկացման ժամկետները:

Հունաստանի կուտակած պարտքերի պարագայում անհնար է զուտ սեփական միջոցներով խուսափել դեֆոլտից: Հունաստանի միայն երկարաժամկետ և կարճաժամկետ առևտրային պարտավորությունները կազմում են 39 մլրդ եվրո, ինչը հավասար է ՀՆԱ-ի 22%-ին: Աթենքի մնացած պետական պարտքը կազմում է 261 մլրդ եվրո, որը տրամադրվել է ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի և ԱՄՀ-ի կողմից: Ընդհանուր առմամբ Հունաստանի արտաքին պարտքը հասնում է 315 մլրդ եվրոյի, ինչը կազմում է ՀՆԱ-ի 175%-ը:

Հունաստանը, փաստորեն, չի կարող մարել արտաքին պարտքը սեփական միջոցներով, ԱՄՀ-ի սահմանած վերջնաժամկետը սպառվել է հունիսի 30-ին, սակայն վարկը դեռ չի մարվել: Հունական տնտեսությունը հայտնվել է կաթվածահար վիճակում, քանի որ բանկերն արդեն մի քանի օր է փակ են և կանխիկ դրամ պարզապես չկա: Նման իրավիճակում օգնության փաթեթից հրաժարվելը Հունաստանի կառավարության կողմից պետք է որ ունենար այլ դրդապատճառ:

Փաստացիորեն Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հունիսի 5-ին պահպանեց իր նախընտրական խոստումը և, հանրաքվեի դնելով օգնության փաթեթի ընդունման հարցը` մերժեց դրա ընդունումը: Տարբեր մասնագետների գնահատմամբ` տարեսկզբին Հունաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքում ներկայումս իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության հաղթանակի գլխավոր գրավականն այն էր, դոից առաջարկվող օգնության ծրագրերը` խոստանալով չկրճատել սոցիալական ծախսերը և չբարձրացնել հարկերը:

Շաբաթ օրը` հունիսի 11-ին Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց կառավարության կողմից վարկատուներին ներկայացված վերոհիշյալ փաթեթին ձայների ճնշող մեծամասնաությամբ: Նախագծին կողմ էր քվեարկել 251, դեմ` 32 և ձեռնպահ` 8 պատգամավոր, ընդ որում` ձեռնպահ քվեարկածները եղել են իշխող կուսակցությունից:

Այս կոմբինացիայով Ալեքսիս Ցիպրասի ղեկավարած ՍԻՐԻԶԱ կուսակցությանը հաջողվեց ոչ միայն պահպանել իր խոստումը, հետևաբար նաև` էլեկտորատը, այլ նաև հասավ նրան, որ ընդդիմադիր ուժերը ևս խորհրդարանում կողմ քվեարկելով պատասխանատվություն ստանձնեն առաջիկա դժվարին բարեփոխումների համար: Ստացվում է, որ ընդդիմադիր կուսակցությունները հետագայում չեն կարողանա այս հարցով «տակառ գլորել» ՍԻՐԻԶԱ-ի և Ալեքսիս Ցիպրասի վրա, քանի որ իրենք ևս կողմ են եղել նոր վարկային փաթեթին:

Գոռ Ծառուկյան, տնտեսագետ

Placeholder
Ինչի՞ շուրջ էին անհամաձայն հույները և ինչու՞ տեղի տվեցին