Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը հայանպաստ էր. Նաիրա Կարապետյան
Քաղաքական
12:53 11/07/2015

Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը հայանպաստ էր. Նաիրա Կարապետյան

Հուլիսի 9-ին Եվրոպական Խորհրդարանն ընդունել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձև, որը մի քանի առումներով հայանպաստ էր, տարածած հայտարարության մեջ նշել է ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը ու ներկայացրել բանաձևը.

«Առաջին ուշագրավ հանգամանքն այն է, որ Եվրոպական Միությունը իր հարևան երկրներից յուրաքանչյուրի նկատմամբ առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում, այլևս չկա այն գործելաոճը, որ եթե մեզ հետ չես, ուրեմն անհնար է պատկերացնել երկկողմ գործընկերությունը: Այժմ հաշվի են առնվում հարևանության երկրների ներքին և արտաքին առաջնայնությունները, քաղաքական օրակարգը, իսկ Հայաստանի և մի շարք այլ երկրների պարագայում՝ այլ ինտեգրացիոն կառույցներում ունեցած պարտավորությունները:

Իհարկե, Ադրբեջանը շատ կցանկանար, որ, կապված Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հետ, Եվրոպական Միությունը դադարեցներ համագործակցությունը մեզ հետ, և այդ ուղղությամբ բավականաչափ «միջնորդական» առաքելություն է իրականացրել:

Բանաձևում նաև հիշատակվել է 1975թ. Հելսինկյան եզրափակիչ ակտը, կարևորություն է տրվել դրա բոլոր դրույթներին: Ադրբեջանցիների պատկերացումները բոլոր դրույթների վերաբերյալ մի փոքր թյուր են, քանի որ նրանք սարսափում են ժողովուրդների հավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքներից, որը, սակայն, ԵՄ-ում ՀՀ առաքելության և հայկական կազմակերպությունների կողմից կատարված լուռ և հետևողական աշխատանքի շնորհիվ ընդգրկվել է բանաձևում:

Ադրբեջանի պատվիրակությունն այս անգամ ևս, բեռնված խավիարի մեծ պաշարով, հույսեր ուներ հաջողության հասնել և բանաձևում ներառել խեղաթյուրված ձևակերպումներ, սակայն ամեն ինչ ապարդյուն անցավ: Ավելին, բանաձևում առանձնահատուկ դերակատարություն է տրվում ԵԱՀԿ-ին, որպես հակամարտությունների կարգավորման մեջ իր անվիճելի դերակատարությունն ունեցող միջազգային կազմակերպության: Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանն ամեն կերպ ջանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը դուրս հանել ԵԱՀԿ շրջանակներից և տանել իրեն ձեռնտու, կարելի է ասել արկածախնդիր շրջանակներ:

Ահա այսպես, ևս մեկ հաղթանակ դիվանագիտական ճակատում, մեկն այն բազում-բազմաթիվ հաղթանակներից, որի ընթացքի, դժվարությունների և կատարված աշխատանքի վերաբերյալ մեզ գրեթե ոչինչ հայտնի չի: Այս անգամ ևս սառցաբեկորի միայն երևացող մասն՝ արդյունքի տեսքով հառնեց մեր առջև, ինչը ակնհայտ է դարձնում Բրյուսելում հայկական դիվանագիտության աշխատանքում էական դրական տեղաշարժեր են եղել»։ 

Placeholder
Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման մասին բանաձևը հայանպաստ էր. Նաիրա Կարապետյան