՞՞՞Սահմանադրության նախագիծը իշխանության հավերժ վերարտադրություն է ապահովում, եզրակացրել է իրավաբանը
Իրավունք
12:14 16/07/2015

՞՞՞Սահմանադրության նախագիծը իշխանության հավերժ վերարտադրություն է ապահովում, եզրակացրել է իրավաբանը

Հանրապետության նախագահին ընտրիչների ժողովի կողմից ընտրելու մասին Սահմանադրության նախագծի դրույթը իրավաբան Գևորգ Գյոզալյանի մոտ ժպիտ է առաջացնում:

Նշենք, որ Սահմանադրության նախնական տարբերակի 125-րդ հոդվածը սահմանում է ՀՀ նախագահի ընտրության կարգը: Ըստ այդմ, ՀՀ նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից, իսկ ընտրիչների ժողովը կազմված է Ազգային ժողովի պատգամավորներից և ԱԺ պատգամավորների թվին հավասար Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց կազմից ընտրված ներկայացուցիչներից:

«Այդ դրույթը երբ կարդացի, ինձ մոտ ժպիտ առաջացավ. Դուք մի հատ տեղական ինքնակառավարումը կայացրեք, նոր որոշեք, որ նրանք նախագահ ընտրեն: Բոլորս ենք տեսնում` ինչ է կատարվում ՏԻՄ-երում, խայտառակ վիճակ է, բդեշխներ են, ֆեոդալական կարգեր են այդ ՏԻՄ-երում, իսկ դուք նրանց իրավունք եք տալիս նախագահ ընտրել»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավաբան, Փաստաբանների պալատի անդամ Գևորգ Գյոզալյանը:

Նա և ևս մի խումբ փաստաբաններ սկսել են ուսումնասիրել Սահմանադրության հրապարակված նախագիծը ու այս պահի դրությամբ շատ թերություններ են բացահայտել:

«Ակնհայտորեն, այս Սահմանադրությունը չի ներկայացնում մեր Հայաստանի այսօրվա օբյեկտիվ իրականությունը», -հավելեց իրավաբանը:

Նրա խոսքով, սահմանադրական փոփոխություններով կառավարման մոդել են փոփոխում, քանի որ «իշխանություն փոխանցելու համար իրավահաջորդ չեն գտել»:

«Կառավարման մոդելի փոփոխությամբ, իմ կարծիքով, իրենք հասնելու են դրան, չեմ կարծում, թե օբյեկտիվ իրականություն կա ՍԴ փոփոխություններով: Եթե չվատանա, հաստատ լավ չի լինելու: Մարդկանց կյանքը չի լավանա այս սահմանադրական փոփոխություններով», -նկատեց Գյոզալյանը:

Դիտարկմանը, թե Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները բազմիցս են պնդել, որ նոր Սահմանադրությամբ իշխանության վերարտադրության հավանականությունը նվազում է, Գյոզալյանը հակադարձեց փաստերը համադրելով. «Տեսեք` վերջին տասը տարիներին Հանրապետական կուսակցությունը բացարձակ մենաշնորհ ունի և նույնը շարունակվելու է նոր Սահմանադրության գործունեության պայմաններում. կվերցնի բացարձակ մեծամասնություն Ազգային ժողովում ու կկառավարի վարչապետի մակարդակով եթե այժմ նախագահն է, էն ժամանակ կլինի վարչապետը` նոր ու ավելի մեծ լիազորություններով: Ավելին, վարչապետի պարագայում սահմանափակում չկա. Հանրապետականը ինչքան իշխանություն վերցրեց, վարչապետ է առաջարկելու: Եթե ինքը մեծամասնություն չվերցրեց, կոալիցիա կկազմի մնացածի հետ ու էլի ինքը վարչապետ կարող է առաջարկել: Ու սենց հավերժ կարող է ինքը հինգ տարին մեկ հավերժ վերարտադրվել: Ինչքան էլ իրենք ասեն չի վերարտադրվում, կասեմ` կներեք, ժողովուրդ, սխալ եք ասում»:

Սահմանադրության նախագիծը իրավաբանը համեմատել է գործող Սահմանադրության հետ ու եզրակացրել. «Ներկայացված նախագիծը ոչ թե մեկ քայլ, այլ 30 քայլ հետ է գործող Սահմանադրությունից»:

Հարակից հրապարակումներ`
Նոր Սահմանադրությամբ ավելացվում է ՍԴ անդամի տարիքային շեմը
Սահմանադրության նախնական տարբերակով, պատերազմի ժամանակ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է
Նոր Սահմանադրությունն առաջարկում է ՀՀ նախագահին ընտրել 7 տարի ժամկետով
ՀՀ նախագահն ԱԺ-ի կողմից ընտրված թեկնածուին նշանակում է վարչապետ. Նոր Սահմանադրություն
Հրապարակվել է Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի նախնական տարբերակը

Placeholder
՞՞՞Սահմանադրության նախագիծը իշխանության հավերժ վերարտադրություն է ապահովում, եզրակացրել է իրավաբանը