Ուկրաինայի մշակույթի նախարարությունը խնդրել է չեղյալ հայտարարել Կուստուրիցայի ելույթը Կիևում
Մշակույթ
13:31 16/07/2015

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը խնդրել է չեղյալ հայտարարել Կուստուրիցայի ելույթը Կիևում

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը անհրաժեշտ է համարում չեղյալ հայտարարել սերբ ռեժիսոր Էմիր Կուտուրիցայի ելույթը Կիևում կայանալիք համերգի ժամանակ հնարավոր զանգվածային անկարգությունները կանխելու համար: Այս մասին գրում է Նյուզռու.քոմ կայքը: 

«Կիևի իշխան Վլադիմիրի մահվան 1000-րդ տարելիցի միջոցառումների ժամանակ հասարակական կարգի խախտումները, բողոքի ակցիաները կանխելու համար նպատակահարմար է, որ Կուստուրիցան ձեռնպահ մնա հուլիսի 28-ին Կիևում կայանալիք համերգին մասնակցելուց»,-ասված է մշակույթի նախարարության կայքում տեղադրված դիմումում՝ հասցեագրված Ուկրաինայի ներքին գործերի նախարարությանն ու անվտանգության ծառայությանը:

Նախարարությունում կարծում են՝ «անթույլատրելի է Կուստուրիցայի մասնակցությունը հուլիսի 28-ի համերգին այն պատճառով, որ նա բազմաթիվ անգամներ հրապարակային աջակցել է Ռուսաստանի կողմից վարվող քաղաքականությունը Ուկրաինայի և Ղրիմի հարցերում»:

Էմիր Կուստուրիցան այս տարվա մարտին հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ Ռուսաստանը պետք է աջակցի Ուկրաինայի ռուս բնակչությանը՝ այդ երկրում տիրող իրավիճակը համեմատելով 1990-ական Հարավսլավիայում տիրող իրավիճակի հետ: Անցած տարվա դեկտեմբերին Կուստուրիցան հարցազրույց է տվել՝ հայտարարելով Ղրիմի տարածքում ֆիլմ նկարահանելու ցանկության մասին:

Placeholder
Ուկրաինայի մշակույթի նախարարությունը խնդրել է չեղյալ հայտարարել Կուստուրիցայի ելույթը Կիևում