Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար. Համբերություն մեր քաղաքացիներին
Հասարակություն
11:43 22/07/2015

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար. Համբերություն մեր քաղաքացիներին

Երևանի նոր կրկեսում առաջինն անցկացվելու է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային միջազգային փառատոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

«Լինելով նրա աշակերտը՝ երազում եմ նոր կրկեսում Ենգիբարյանի անվան կրկեսային միջազգային փառատոնի անցկացման մասին: Լինելու է լիցենզավորված փառատոն: Երկու  տարուց ավելի է արդեն ներկայացվել է ծրագիրը, որի վրա աշխատում ենք: Այդպես մենք մեր հարգանքի տուրքը կմատուցենք Ենգիբարյանին»,- ասաց նա:

Ս. Պետրոսյանը հայաստանցիներին համբերություն մաղթեց՝ նշելով, որ հաջորդ տարվա վերջին նախատեսվում է կրկեսի բացումը. «Այժմ մասշտաբային շինարարական աշխատանքներ են ընթանում»:

Հիշեցնենք, որ դեռևս 2011 թվականի ապրիլին Երևանի քաղաքապետարանը հայտարարել էր, որ «Տաշիր Գրուպ»-ի հետ կնքած պայմանագրով վերջինս պետք է վերանորոգի Երևանի կրկեսը: Երևանի կրկեսի շենքը որոշվեց քանդել, երբ փորձագետները հանգեցին եզրակացության, որ աննպատակահարմար է վերակառուցել եղած հին շինությունը։ 2011թ. օգոստոսի 1-ից սկսվել են Երևանի պետական կրկեսի հիմնանորոգման աշխատանքները: Կրկեսի շենքը 1962թ. հիմնադրման օրվանից հետո չի վերանորոգվել: Նոր շենքի նախագծի հեղինակն է ճարտարապետ Վահագն Վերմիշյանը: Կրկեսի նոր շենքը կրկնելու է հնի արտաքին տեսքի ճարտարապետական որոշ տարրեր: Իսկ շենքը լիովին համապատասխանելու է նման կառույցների համար սահմանված միջազգային բոլոր չափանիշներին, նախկինում եղած 1560-ի փոխարեն ունենալու է 2000 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղ, բացի այդ 3 փոխարկվող մանեժ։ Բուն շենքը մոտ 6 մետր ավելի բարձր է լինելու և հագեցած է լինելու ժամանակակից բեմական տեխնիկայով։ Նորակառույց կրկեսը լիովին համապատասխանելու է միջազգային չափանիշներին՝ բոլոր անհրաժեշտ տարրերով:

Placeholder
Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար. Համբերություն մեր քաղաքացիներին