Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով դատավարական գործողությունները մեկը մյուսից անօրինական են. Փաստաբան
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Հենրիկ Ավագյանի կալանքի դեմ բողոքարկումն արդյունքներ չի տվել. հուլիսի 30-ին Վերաքննիչ դատարանը մերժել է Ավագյանի փաստաբանների բողոքը: Մինչդեռ, փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով, բողոքում իրենք մատնանշել էին բազմաթիվ ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ նախաքննությունն իրականացնող ԱԱԾ քննչական վարչությունը անօրինական քննչական գործողություններ է կատարել:
«Գործով մեղադրյալներից ոչ մեկը մյուսի հետ կապ չունի: Ոչ մեկ մյուսի հետ չի համագործակցել, առավել ևս` կազմակերպել: Քննչական, դատավարական գործողությունները մեկը մյուսից անօրինական են», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբանը:
Հիշեցնենք` գործով մեղադրյալներ են Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը և Հենրիկ Ավագյանը: Վերջինի մեղադրանքը ծանր է, քանի որ ըստ նախաքննություն իրականացնող մարմնի, Ավագյանը մահափորձ կատարող անձն է, իսկ մյուս երկուսը` օժանդակող, իսկ Արա Բուդաղյանը` դրդող:
Մեղադրյալներին կալանավորելու մասին միջնորդության հիմքում ԱԱԾ քննչական վարչությունը դրել էր նրանց միջև գաղտնալսված հեռախոսազրույցները: Սակայն փաստաբանները, մասնավորապես Արա Բուդաղյանի և Հենրիկ Ավագյանի պաշտպանները, հայտարարում են, որ նրանց միջև հեռախոսազրույցում գումարային խոսակցությունները զուտ անձնական բնույթ են կրում: Հայկ Ալումյանը օրերս ասուլիսում ասել էր, որ Վիտալի Մինասյանը մոր 60-ամյակի կապակցությամբ Արա Բուդաղյանից 200 հազար դրամ է պարտքով վերցրել, մի մասը վերադարձրել է և զանգահարել է Արա Բուդաղյանին՝ տեղեկացնելու, որ մյուս մասը չի կարողանում վերադարձնել:
Իսկ ահա Հենրիկ Ավագյանի ու Գարեն Աթաջանյանի միջև հեռախոսային խոսակցությունը, փաստաբան Ֆարմանյանի
ներկայացմամբ, վերաբերում է բիզնես ծրագրին:
«Գարենի ու Հենրիկի խոսակցությունը բացառապես վերաբերում է բիզնեսին, այսինքն` մարդիկ ինչ-որ բան են ուզում ինչ-որ մեկի վաճառել և մի փոքր ավել գումար աշխատել: Մահափորձի ու դրա պատվերի մասին խոսք չկա: Եթե շատ ուզենք, նման միտք գաղտնալսումներից չենք կարող քաղել», -հավելեց Մարինե Ֆարմանյանը:
Վերաքննիչ բողոքում փաստաբաններ Սյուզաննա Խչեյանի և Մարինե Ֆարմանյանի կողմից նշված մյուս խախտումը վերաբերել է Հենրիկ Ավագյանի բնակարանի խուզարկությանը: Նախ` բնակարանը, որը խուզարկել են, Հենրիկ Ավագյանինը չի եղել, և բացի այդ, խուզարկության ժամանակ, որպես ընթերակա, ներկա են գտնվել այնպիսի մարդիկ, ովքեր Ավագյանի հետ հակամարտության մեջ գտնվող անձի բարեկամներ են, հետևաբար կարող են լինել ոչ օբյեկտիվ:
«Սյունիք գյուղի գյուղապետի հետ Հենրիկ Ավագյանը մի շարք քաղաքացիական, վարչական և քրեական գործերով դատական վեճերի մեջ է, ունի անգամ շահած գործեր, իսկ խուզարկությանը ներկա գտնված անձինք եղել են այդ գյուղապետի աղջկա ամուսինը և եղբորորդին, ով աշխատում է գյուղապետարանում և քաջատեղյակ է այդ դատական գործընթացից: Մինչդեռ ընթերակա կարող է լինել քրեական գործով չշահագրգռված ՀՀ չափահաս քաղաքացին», -հավելեց Ֆարմանյանը:
Բացի այդ, խուզարկությունը կատարվել է Հենրիկ Ավագյանի մոր տանը, իսկ մայրը` Զաբելա Կինոսյանը, փաստաբանի ներկայացմամբ, տառապում է աթերոսկլերոզով, տեղանքում կողմնորոշվելու խանգարումներ ունի, կատարակտայի շատ բարձր աստիճան, ինչը հաստատվում է բժշկական տեղեկանքով: Այսինքն` նա չունի բավարար տեսողություն և հիվանդության պատճառով չի կարող ճիշտ հասկանալ և գնահատել շրջապատում կատարվող իրադարձությունները, ու, ըստ փաստաբանի, ա յդքանով հանդերձ, Ավագյանի մոր տանը խուզարկության ու դրա արդյունքում հայտնաբերված ինքնաձիգի մասին արձանագրություն են տվել ստորագրելու:
«Այդ կինը չէր կարող հասկանալ քննչական գործողությունների իմաստն ու հետևանքները: Միգուցե նրան ուրիշ բան են ցույց տվել, ուրիշ բան արձանագրել: Ուստի այդ պայմաններում շատ կասկածելի է, որ հենց այնտեղից է հայտնաբերվել, ըստ նախաքննական մարմնի, սպանության գործիք հանդիսացող ինքնաձիգը», -նկատեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Հենրիկ Ավագյանի տանը փամփուշտներ են հայտնաբերվել, Մարինե Ֆարմանյանը հայտարարեց. «Եթե նույնիսկ եղել են այդ փամփուշտները , ապա Սյունիքում ո՞ր ազատամարտիկը փամփուշտ չունի: Այդ լեռներում էլ ինչպե՞ս պայքարեն թշնամու դեմ և ի՞նչպես դիմագրավեն: Բայց դա դեռ չի նշանակում, որ դրանք վերցրել, ինքնաձիգը լցրել ու դրանով մահափորձ է կատարել»:
Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում ներկայացված այս ու այլ խախտումներ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, և փաստաբանի խոսքով, դատավորն ասել է, թե դրանք լավ կլինի ներկայացվեն հիմնական դատավարության ժամանակ:
Ինչևէ, վերլուծելով ձեռքի տակ եղած փաստերը, փաստաբանը եզրահանգել է. «Հենրիկ Ավագյանը գտնվել է որոշ մարդկանց թիրախում»:
Պաշտպանական կողմն այս պահին քննարկում է վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու հարցերը:
Հարակից հրապարակում`
Սուրիկ Խաչատրյանի մահափորձի գործով դեռ շատ խաղաքարտեր կբացվեն. Փաստաբան