Ջրենք առվույտ ու տույա
Հասարակություն
14:31 01/08/2015

Ջրենք առվույտ ու տույա

Քաղաքապետարանի դիմացի տարածքը բոլորդ գիտեք երևի: Այգի ասել չի լինի, թեև` մեկ- երկու ծառ կա. կանաչ տարածք էլ դժվար է ասել` կարծես թե առվույտ է աճածը: Գարնանը կակաչ էր տնկած, ու դա էլ էր զարմանալի: Պարզ է` կակաչը երկու շաբաթ հազիվ է ծաղկած մնում: Այդպես էլ եղավ` մի շաբաթ կակաչ էին, մյուս շաբաթը` թոշնած, ճմռթված կակաչներ, հետո դրանք էլ կորան:

Թեպետ` գուցե և քաղաքի բյուջեն թույլ է տալիս մի շաբաթվա գեղեցկության ծախսեր, հաստատ չեմ կարող ասել:

Ինչևէ, հիմա առվույտն է, մի քանի ծառ, հետները` «տույա» տեսակի: Ձմռանը կավելանան լուսավոր մոմեր, որ մթին միայն գուցե հասկանաս դրանց իմաստը, մի քանի պլաստամասե եղնիկ, որ  հիմնականում կարածեն ձնից ազատ հողը… Դիզայն, մի խոսքով:

Այժմ ոռոգման հարցի մասին: Խոտից շատ` ոռոգման «կետերն» են: Երեկոյան դրանք ոգևորված ջուր են ցփնում ու ցմբցնում ոչ միայն խոտերին, այլև մայթին ու փողոց: Փողոցը` ոչինչ, մեքենաներ են, ջրոտվեն էլ` բան չկա: Ենթադրենք անձրև է: Բայց եթե դու ուզում ես անցնել այդ մասով առանց թրջվելու,… Չէ, այսպես չէ` բայց եթե դու չես ուզում թրջվել, պիտի այդ մասով չանցնես: Կարելի է, իհարկե, հետ գնալ, անցնել դիմացի մայթը, այնտեղով գնալ, հետո նորից հետ գալ այսկողմյան մայթ, որտեղ արդեն թաց չէ… Բայց հարց է ծագում` ինչո՞ւ:

Ի դեպ` լավ հարց է:

Դրանից հետո մի քիչ էլ հիշում ես քաղաքի վիճակը, ջրցանների` շոգ օրերին չերևալը, պակասած ու պակասող կանաչը, անճաշակ, ասֆալտին մի քանի ամսվա ծաղիկներով տնկած երկաթե ծաղկամանները, հետո քաղաքային դիզայնը` ընդհանրապես, հետո` քանդված կամ այլանդակած երևանյան շենքերը… Ու արդեն նույնիսկ ուզում ես երգել`

Ջրենք յոնջա ու տույա,
Մնացածը` … :

 



Ցավոտ թեմային առնչվող`
Բաց նամակ Երևանի քաղաքապետարանին
Չպահպանված հուշարձաններ. Աբաս միրզայի մզկիթի պատն այլևս մատաղ է արված
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 1
Ովքեր չեն ասում ու ովքեր են ասում ամբողջ ճշմարտությունը Փակ շուկայի մասին- մաս 2
Մշակույթի նախարարությունն իր գործը «լավ» է կատարում… 
«Երևան դեժավյու». Աֆրիկյանների ակումբի շենքը 
Քարմեջ արված Հին Երևան 

Placeholder
Ջրենք առվույտ ու տույա