Հունգարացի պրոֆեսոր. Խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում
Տնտեսություն
11:05 06/08/2015

Հունգարացի պրոֆեսոր. Խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում

Խաղողագործության զարգացումը մեր երկրի գյուղատնտեսության ոլորտի հեռանկարային ճյուղերից է, ուստի հարկավոր է միջոցներ ձեռնարկել ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի և այդ վնասատուի հետագա տարածումը կանխելու համար: Այս մասին ասել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Հունգարիայի Պաննոնիա համալսարանի պրոֆեսոր Լասլո Կոչիշի հետ հանդիպմանը: Վերջինս, ըստ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության, Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հրավերով «Խաղողի գենետիկական ռեսուրսների պահպանումը և կայուն օգտագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:

«Համոզված եմ, որ որպես ոլորտի բարձրակարգ և հմուտ մասնագետ Ձեր փորձառությամբ կարող եք մեծ աջակցություն ցուցաբերել խնդրի լուծման հարցում»,-խոսքը շարունակել է Սերգո Կարապետյանը:

Լասլո Կոչիշը նշել է, որ նախկինում արդեն այցելել է Հայաստան` խաղողի այգիներում ֆիլոքսերայի մոնիթորինգի իրականացման և հայ մասնագետներին խորհրդատվություն տրամադրելու և ուսուցում իրականացնելու նպատակով: Իր խոսքում պրոֆեսորը նաև հավելել է, որ խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում և այժմ ամենուր այդ վնասատուի դեմ պայքար է տարվում:

Հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կոչիշը նախարարին մանրամասն ներկայացրել է իր ուսումնասիրությունների արդյունքները, համաձայն որոնց անհրաժեշտ է արգելել վարակված երկրներից արմատակալների ներմուծումը, կիրառել միայն ֆիլոքսերազերծ սորտեր, որոնց արտադրությունը պետք է կազմակերպել հանրապետությունում` պետական խիստ վերահսկողության ներքո: Կարևորվել է նաև համապատասխան մասնագետների միջոցով ֆիլոքսերայի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացումը հայ խաղողագործների շրջանում:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հաստատված ծրագրով խաղողի կոլեկցիոն այգիների հիմնման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին:

Նախորդող հրապարակումներ՝

Ֆրանսիայից բերված խաղողի վարակված տնկիները ոչնչացվել են
Ֆրանսիայից բերված խաղողի տնկիները սահմանից հետ են ուղարկել
Բանջարեղենի ցանքատարածություններով Արմավիրի մարզը 2014-ին հանրապետությունում զբաղեցրել է 1-ին տեղը

Placeholder
Հունգարացի պրոֆեսոր. Խաղողի ֆիլոքսերան տարածված է աշխարհի բոլոր երկրներում