Ոստիկանները բռնություն են կիրառել, իսկ քննիչը՝ խոստովանական ցուցմունք կորզել. հարուցվել է քրգործ
Իրավունք
19:33 18/08/2015

Ոստիկանները բռնություն են կիրառել, իսկ քննիչը՝ խոստովանական ցուցմունք կորզել. հարուցվել է քրգործ

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցված քրեական գործով մեղադրյալներ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ հիշյալ միջադեպի կապակցությամբ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում բռնություն են կիրառել իրենց նկատմամբ և պատճառել մարմնական վնասվածքներ:

ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հակոբ Թ.-ն և Թովմաս Թ.-ն հայտնել են նաև, որ իրենք ապօրինի բերման են ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ծառայություն իրականացնող ոստիկանները իրենց հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցրել և հրաժարվել են իրենց նկատմամբ կիրառված ապօրինությունների վերաբերյալ հաղորդում ընդունելուց:

Բացի այդ, Թովմաս Թ.-ն հայտնել է նաև, որ նախաքննությունն իրականացնող քննիչը իրեն գցել է մոլորության մեջ և այդ կերպ՝ խոստովանական ցուցմունք կորզել:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Placeholder
Ոստիկանները բռնություն են կիրառել, իսկ քննիչը՝ խոստովանական ցուցմունք կորզել. հարուցվել է քրգործ