Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը կրկին կտրամադրվեն Գյումրիի բուհերին
«Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը Գյումրիի բուհերին տրամադրելու նախաձեռնության նպատակը մի կողմից կրթական միգրացիայի ռիսկերը նվազեցնելն է, մյուս կողմից աջակցելն է Գյումրիում ուսանողական կրթական կենտրոնների կայացմանը, և երրորդ` բարձրացնել հայրենաճանաչության բաղադրիչը, քանի որ Գյումրին մեր երկրի կարևորագույն կրթական կենտրոններից է»,-այս մասին այսօր տեղի ունեցած ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստի ժամանակ ասել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը հիշեցրել է՝ այն դիմորդները, ովքեր ուզում են կրթություն ստանալ ոչ հայագիտական մասնագիտությունների գծով, պետք է գիտելիքների ստուգում անցնեն մրցութային հիմունքով:
«Պետությունը շահագրգիռ է օտարերկրյա ուսանողների թվի աճով, և պետք է անել հնարավորը, որ ՀՀ բուհերում սովորել ցանկացողների թիվը մեծանա` չնայած վերջին տարիներին այն հաստատապես աճի միտում ունի»,-նշել է նախարարը` հանդիպման մասնակիցներին տեղեկացնելով, որ սիրիաահայ ուսանողների համար տարվող սոցիալական քաղաքականությունը մնալու է նույնը, ինչ նախորդ տարի:
«Սիրիահայ դիմորդների համար այս տարի ևս պահպանվելու է վարձավճարների նույն չափը, ինչ տեղացի ուսանողների համար: Սիրիահայ մեր հայրենակիցները շարունակում են մնալ նույն ծանր վիճակում, որոնց պետությունը պարտավոր է օգնել»,-նշել է նախարարը` հանդիպմանը մասնակից բուհերի ներկայացուցիչներին հորդորելով ճկուն քաղաքականություն որդեգրել այս հարցում, այն է` աջակցություն ցուցաբերել սիրիահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացում և անհարկի բյուրոկրատական քաշքշուկներ չստեղծել:
Ներկայումս շարունակվում է 2015-16 ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններ դիմած սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը: