Աշոտյան. Դպրոցից դուրս մնացած երեխաների խնդիրը օրակարգի առանցքում է
Կրթություն, գիտություն
13:06 31/08/2015

Աշոտյան. Դպրոցից դուրս մնացած երեխաների խնդիրը օրակարգի առանցքում է

Պետք է ուսումնասիրվեն և հրատապ լուծումներ տրվեն բոլոր այն խնդիրներին, որոնք խոչընդոտում են երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ նախարարությունում տեղի ունեցած գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ:

Անդրադառնալով դպրոցից դուրս մնացած աշակերտների խնդրին` նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մարզպետարանների և քաղաքապետարանի, ինչպես նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ համագործակցելով` հայտնաբերել այդ երեխաներին և նրանց վերադարձնել դպրոց:

ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը հանձնարարել է հանրակրթության վարչության պետին` տվյալներ տրամադրել այս ուսումնական տարվա աշակերտական համակազմի, դպրոցից դուրս մնացած երեխաների, 9-րդ դասարանն ավարտած աշակերտների թվաքանակի վերաբերյալ:

Խորհրդակցության ավարտին Արմեն Աշոտյանը հորդորել է նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին ուշադրություն դարձնել կարգապահության հարցերին և աշխատանքային ռեժիմի խստիվ պահպանմանը:

Placeholder
Աշոտյան. Դպրոցից դուրս մնացած երեխաների խնդիրը օրակարգի առանցքում է