Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով. Քաղաքագետ
Քաղաքական
12:09 03/09/2015

Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով. Քաղաքագետ

Հայ-ադրբեջանական սահմանին գտնվող գյուղերը Ադրբեջանի կողմից կրակի տակ պահելը և հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները պայմանավորված է ընդհանրապես, այդ երկրի վարած քաղաքականությամբ և տարածաշրջանում քիչ թե շատ ազդեցություն պահպանելու պաշտոնական Բաքվի ձգտումով: Այդ մասին Panorama.am-ին կարծիք հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Իսկ մասնավորապես վերջին օրերին հակառակորդի ակտիվությունը քաղաքագետը պայմանավորում է Ադրբեջանում անցկացվող թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններով:

«Համոզված եմ, որ ներկայիս ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով և թուրքական բանակի` Ադրբեջանի տարածքում գտնվելու հանգամանքով. Իլհամ Ալիևը քրդերի դեմ պայքարում Թուրքիային աջակցություն չցուցաբերելու համար պետք է իր սեփական խնդիրները ի ցույց դնի` խաղալով երկրի անվտանգության հետ», -նկատեց քաղաքագետը:

Նրա խոսքով, Ադրբեջանն իր նման քաղաքականությամբ փորձում է ընդգծել տարածաշրջանում իր կարևորությունը` և ներքին, և արտաքին խնդիրներ լուծելու համար: «Այնպես են անում, որ գերտերությունները փորձեն բանակցել Ադրբեջանի հետ, համոզել նրան և սա, ըստ էության, շանտաժ է ու պետք է ասել, որ վերջին տարիների ընթացքում այդ մեթոդը աշխատել է», -եզրակացրեց Մելիք-Շահնազարյանը:

Վերջին ամիսներին սահմանին լարվածությունը պահելու քաղաքականությունը քաղաքագետին հիմք է տալիս պնդել. «Ադրբեջանը նոր քայլեր իրականացնելու որևէ պոտենցիալ չունի: Այդ երկիրը նաև չի կարող հասկանալ, որ դա կարող է լուրջ վտանգներ բերել: Համենայնդեպս, հետևելով ադրբեջանական լրահոսին, պարզ է դառնում, որ ադրբեջանական հասարակությունը խիստ մտահոգված է սահմանային իրավիճակով և չի կիսում Բաքվի պաշտոնական իշխանությունների մարտավարությունը»:

Ինչ վերաբերում է Հայաստանում այսօրվանից մեկնարկած «Շանթ 2015» պլանային զորավարժություններին, ապա Մելիք-Շահնազարյանի խոսքով, դա Ադրբեջանին զսպելու «լրացուցիչ խթան է»:

Հարակից հրապարակումներ`

Հակառակորդի կրակոցներից վիրավորված մոր և որդու կյանքին վտանգ չի սպառնում
Հովհաննիսյան. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այժմ համեմատաբար հանգիստ է

 

Placeholder
Սահմանին Ադրբեջանի ակտիվությունը պայմանավորված է թուրք-ադրբեջանական զորավարժություններով. Քաղաքագետ