Լիլիթ Պետրոսյան. Ողջ աշխարհում էլ պաշտոնական վիճակագրության նկատմամբ առկա են քննադատություններ
Հասարակություն
09:56 04/09/2015

Լիլիթ Պետրոսյան. Ողջ աշխարհում էլ պաշտոնական վիճակագրության նկատմամբ առկա են քննադատություններ

Panorama.am-ը զրուցել է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանի հետ:

Լրագրող- Վերջին շաբաթվա ընթացքում, հատկապես, երբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց երկրի այս տարվա առաջին 7 ամսվա տնտեսական ցուցանիշները և 2015թ. առաջին երկու եռամսյակների համախառն ներքին արդյունքի ցուցանիշները, որոշ լրատվամիջոցներ և անգամ առանձին տնտեսագետներ իրենց բուռն անհամաձայնությունը հայտնեցին առ այն, որ հնարավոր չէ, որ որևիցե երկրում տնտեսությունն աճի այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում նվազում է արձանագրվել ներքին առևտրում: Ի՞նչպես կարող է տնտեսական աճ արձանագրվել այն պարագայում, երբ պետական բյուջեի հարկերի հավաքագրումների ոլորտում աճ չի արձանագրվում և այլն: Այս հիմնավորումները հաճախ ներկայացվում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հասցեին պարուրված մեղադրանքներով, որից կարելի է եզրակացնել, որ ընդհանրապես աշխարհում որևիցե երկրում նման բան տեղի ունենալ չի կարող և դա միայն հայաստանյան ֆենոմեն է: Ի՞նչպես կմեկնաբանեք այդ երևույթները և կա արդյո՞ք գեթ մեկ երկիր որտեղ ևս նման տարաբնույթ զարգացումներ արձանագրված լինեն: Այս հարցի պատասխանը ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Լիլիթ Պետրոսյանին:

Լ. Պետրոսյան- Նման հարցադրմամբ մեզ դիմել էին նաև ՀՀ տարբեր նախարարությունների մակրոտնտեսական վերլուծություններ իրականացնող մեր գործընկերները: Ի պատասխան, մենք առաջարկել ենք, օրինակ, ծանոթանալ Եվրամիության վիճակագրական ծառայության` Եվրոստատի կայքէջում զետեղված տվյալների բազաներին: Եվրոստատի կայքէջին հղումն առկա է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջում: Օրինակ՝ միայն 2005-2014 թվականներին, այսինքն 10 տարում, ԵՄ անդամ 28 երկրներում տարեկան ցուցանիշներով արձանագրվել է 46 դեպք, երբ երկրի համախառն ներքին արդյունքն աճել է, սակայն առևտուրը, առանց ծառայությունների, նվազել: Ավելին, 2008, 2011 և 2013 թվականներին ԵՄ 28 երկրների համախմբված ցուցանիշներով է այդպիսaի պատկեր արձանագրվել: Առանձին երկրների կտրվածքով նման պատկերներ տարբեր տարիներին տարեկան ցուցանիշներով արձանագրվել են Բելգիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Էստոնիայում, Իռլանդիայում, Իսպանիայում, Իտալիայում, Կիպրոսում, Լիտվայում, Հունգարիայում, Մալթայում, Նիդերլանդներում, Ավստրիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Միացյալ Թագավորությունում: Ինչ վերաբերում է այն թեզին, թե համախառն ներքին արդյունքի աճին զուգընթաց չի կարող «արտադրանքի հարկեր հանած սուբսիդիաներ» ցուցանիշի անկում արձանագրվել, ապա հարկ է նշել, որ նույն տվյալների բազայում նույն ժամանակահատվածում տարեկան ցուցանիշներով արձանագրվել է 23 դեպք: Տարբեր տարիներին նման երևույթ է արձանագրվել Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Իսպանիայում, Կիպրոսում, Լատվիայում, Լիտվայում, Հունգարիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Սլովակիայում, Սլովենիայում, Շվեդիայում և Միացյալ Թագավորությունում: Նշված տվյալների բազայում առկա են նաև բազմաթիվ դեպքեր, երբ տարեկան համախառն ներքին արդյունքի աճի պարագայում նվազել է արտաքին առևտրաշրջանառությունը կամ աճել գործազրկության մակարդակը: Ընդ որում, հարկ է նշել, որ վերը նշված ցուցանիշները տարեկան ամփոփ տվյալներ են, որոնք եռամսյակային և կիսամյակային կտրվածքով հաճախ ունեցել են ավելի բազմազանված միտումնային դրսևորումներ, իսկ վիճարկման առարկա դարձած Հայաստանի ցուցանիշները կիսամյակային են:
Լրագրող- Այսօր ևս մեկ անդրադարձ կա ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ցուցանիշներին, որում նշվում է, որ այս տարվա 7 ամիսներին Հայաստանից արտահանվել է 351 հազ. տոննա բեռ, իսկ անցած տարի՝ 347 հազ. տոննա: Արդյունքում, արտահանվող ապրանքների ընդհանուր քաշն ավելացել է 4 հազ. տոննայով կամ 1%-ով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում պղնձի խտանյութի արտադրությունն ավելացել է 50 հազ. տոննայով և ստացվում է, որ 46 հազ. տոննայով պակասել է պղնձի խտանյութից շատ ավելի թանկ ապրանքների արտահանումը և որ այդ պարագայում հնարավոր չէ, որ 2015թ. առաջին 7 ամիսներին ՀՀ արտահանումն արժեքային արտահայտությամբ աճի 0.1%-ով:
Լ. Պետրոսյան- Ձեր կողմից նշված ցուցանիշը արտացոլում է ոչ թե արտահանված բեռների ընդհանուր ծավալը, այլ ընդհանուր օգտագործման տրանսպորտի կազմակերպությունների կողմից արտահանված բեռների ցուցանիշը: Դրանք ընդգրկունության տեսանկյունից տարբեր ցուցանիշներ են և մեթոդաբանական տեսանկյունից կիրառելի չեն նման վերլուծությունների համար:

Լրագրող- Իսկ Դուք չեք ցանկանո՞ւմ անդրադառնալ այն վիրավորական որակումներին, որոնք առկա են այդ հրապարակումներում:

Լ. Պետրոսյան - ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը միացել է Միջազգային վիճակագրական ինստիտուտի Պրոֆեսիոնալ էթիկայի հռչակագրին և մեր աշխատակիցներն այդ հռչակագրի պահանջների համաձայն պարտավոր են հարգանքով վերաբերվել վիճակագրական տեղեկատվության բոլոր սպառողներին և նրանց կողմից հնչեցված քննադատություններին: Ընդհանրապես, ողջ աշխարհում էլ պաշտոնական վիճակագրության նկատմամբ առկա են քննադատություններ և վստահության պակաս: Ցանկացած վիճակագրական ցուցանիշ, երբ հրապարակվում է, այն վիճակագրական տեղեկատվության մեկ սպառողի համար կարող է լինել լավ լուր, մյուսի համար՝ վատ լուր, իսկ երրորդի համար որևէ հետաքրքրություն չներկայացնող լուր: Դա նորմալ է, քանզի սպառողները տարբեր են իրենց շահերով, հետաքրքրություններով, հակումներով, փորձառությամբ և այլն, ինչն օբյեկտիվ իրողություն է: Այդ իսկ պատճառով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից միջազգային գիտաժողովներին խնդրո առարկայի վերաբերյալ քննարկումների արդյունքում մշակվել է «Պաշտոնական վիճակագրության նկատմամբ վստահության պակասի օբյեկտիվ պատճառները» խորագրով պարզաբանական նյութ, որը խմբագրվել է Դանիայի վիճակագրության կողմից: Այդ նյութն առկա է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքէջի աջ սյունակի ստորին հատվածում նույն խորագրով: Նյութում մանրամասնված են 5 պատճառներ, դրանք են.
1. Սպառողների տարբեր հեռանկարները,
2. Սպառողների տարաբնույթ շահերը,
3. Շահառուների վերաբերմունքը,
4. Մեթոդաբանության բազմաշերտությունը,
5. Պետական ինստիտուտների նկատմամբ վստահության ընդհանուր պակասը ողջ աշխարհում:

Placeholder
Լիլիթ Պետրոսյան. Ողջ աշխարհում էլ պաշտոնական վիճակագրության նկատմամբ առկա են քննադատություններ