Հայկական մոռացված մշակույթի վերարժևորում և հայկական խոհանոց. երկու փառատոն՝ նույն օրը
Մշակույթ
13:52 08/09/2015

Հայկական մոռացված մշակույթի վերարժևորում և հայկական խոհանոց. երկու փառատոն՝ նույն օրը

Սեպտեմբերի 12-ին Լոռու մարզում միաժամանակ երկու միջոցառում է տեղի ունենալու՝ «Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային հանդիպում-փառատոնը Օձունում և «Խորովածի, արվեստի և երաժշտության» յոթերորդ փառատոնն Ախթալայում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

«Օձունի գանձեր» փառատոնը կազմակերպվում է G2IA (Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում) ֆրանսիական կազմակերպության կողմից՝ Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի և ՀՀ միջև ապակենտրոնացված համագործակցության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Լոռու մարզպետարանի, մասնակից գյուղերի աջակցությամբ:

Ասուլիսին ներկա Հայաստանում G2IA-ի ներկայացուցիչ Զոհրաբ Մինասյանն ասաց, որ «Օձունի գանձեր» չորրորդ միջհամայնքային հանդիպում-փառատոնի ժամանակ մասնակից 15 համայնքները կներկայացնեն իրենց բնամթերքը ցուցահանդես-վաճառքում, կցուցադրեն տնական օղու պատրաստման արվեստը, ինքնաեռով տեղական անուշաբույր խոտաբույսերից և հատապտուղներից հայկական զովացուցիչ ըմպելիքի՝ «Արմենիտո» -ի պատրաստման եղանակը, կլինեն մի շարք մշակութային միջոցառումներ, ինտելեկտուալ խաղեր, լարախաղացների ելույթ: Փառատոնի հատուկ հյուրն է բելգիացի ձեռներեց «Կանաչ բիզնես» կոնցեպտի ջատագով Ստան Իդելսենը:

Ըստ Զոհրաբ Մինասյանի, փառատոնի նպատակն է վերաարժևորել Օձունի և հարևան գյուղերի տեղական արտադրության մթերքները և պատմամշակութային ժառանգությունը: Նրա խոսքով, փառատոնի ընթացքում ելույթ են ունենալու տեղի գյուղերի մշակույթի կենտրոնների սաները, նաև Երևանից են հրավիրված լինելու հյուրեր:

«Փառատոնի շրջանակում կազմակերպվող միջոցառումները հետաքրքրելու են բոլորին՝ և տեղի բնակիչներին, և զբոսաշրջիկներին»,- նշեց Զ. Մինասյանը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ասաց, որ Խորովածի փառատոնին լինելու է 20-ից ավելի տաղավարներ՝ ներկայացնելով Երևանն ու Հայաստանի տարբեր մարզերը: Ներկա են լինելու նաև ռուս, վրացի խոհարարներ, ովքեր լինելու են ժյուրիի անդամ, ինչպես նաև հայազգի աշխարհահռչակ շեֆ-խոհարար, Միշլենի 2 աստղակիր Ալեն Ալեքսանյանը:

«Այս փառատոնն արդեն դարձել է ամենասիրված ու սպասված միջոցառումներից մեկը: Տուրիստական ընկերությունների կողմից այդ օրը հատուկ տուրեր են կազմակերպվում»,- նշեց նա:

Ս. Մամուլյանը նաև տեղեկացրեց, որ այդ օրը հայտարարում են Խորովածի միջազգային օր:

Մեխակ Ապրեսյանի խոսքով, նմանատիպ փառատոների անցկացումը նպաստում է տեղերում ներդրումների ավելացմանը, զբոսաշրջության ակտիվությանը:

Նրա խոսքով, այս փառատոների միջոցով հնարավորություն է ընձեռվում տվյալ համայնքներին ներկայացնել իրենց տնտեսական ներուժը, այդպես ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում գտնելով իրենց տեղը: Մ. Ապրեսյանը նաև նշեց, որ փառատոների միջոցով վերարժևորվում են տեղական մոռացված ավանդույթները:

«Նման փառատոները հզոր գործիք են մի շարք խնդիրներ լուծելու համար: Հատկապես նշեմ, որ այստեղ ևս մեկ կարևոր գործոն կա՝ փառատոների կազմակերպումը համախմբում է շատ շահագրգիռ կողմերի՝ պետական ու մասնավոր հատվածի»,- ասաց նա:

Placeholder
Հայկական մոռացված մշակույթի վերարժևորում և հայկական խոհանոց. երկու փառատոն՝ նույն օրը