Ժաննետա Բեդյան. Ջրանցքում հայտնաբերված ոտքը բժշկական թափոն էր ու պետք է ոչնչացվեր
Առողջություն
17:53 09/09/2015

Ժաննետա Բեդյան. Ջրանցքում հայտնաբերված ոտքը բժշկական թափոն էր ու պետք է ոչնչացվեր

Առողջապահական պետական տեսչությունում այսօր հարուցվել է վարչական վարույթ՝ Արտաշատի բժշկական կենտրոնի բժշկի կողմից հիվանդին անդամահատված ոտքը տրամադրելու փաստի առթիվ:

«Հարուցվել է վարույթ, մեղավորներին գտնելու, օրենսդրության խախտումները պարզելու համար, տվյալ դեպքում խախտումը առողջապահության նախարարի հրամանի պահանջները չկատարելն է»,-Panorama.am-ին ասաց ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի գլխավոր մասնագետ Ժաննետա Բեդյանը:

Հիշեցնենք,  որ սեպտեմբերի 6-ին փրկարարները Արարտի մարզի Շահումյան գյուղի մոտ գտնվող ջրատարից դուրս են բերել մարդու անդամահատված աջ ոտք: Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, ոտքը եղել է Շենգավիթ վարչական շրջանի մի բնակչի, ով վիրահատվել է Արտաշատ ԲԿ-ում: Հիվանդի խնդրանքով ոտքը հիվանդանոցը տրամադրել է իրեն, հետո՝ հայտնվել ջրանցքում:

Տեսչության գլխավոր մասնագետի խոսքով, «Բժշկական թափոնների գործածությանը ներկայացվող հիգիենիկ և հակահամաճարակային պահանջներ» N 2.1.3- 3 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին առողջապահության նախարարի հրամանի համաձայն, մարդկանց անդամահատման, դիահաերձման հետևանքով հեռացված օրգանները համարվում են ախտաբանա-անատոմիական թափոն:

Իրավական այս ակտը սահմանում է. «Ախտաբանաանատոմիական թափոններն են վիրահատության, դիահերձման և այլ գործընթացների ընթացքում հեռացված հյուսվածքներ, օրգաններ, մարմնի մասեր, արյուն, կենսաբանական հեղուկներ, նաև վիժումների զանգվածներ, կենդանիների դիակներ (սատկած կենդանու լեշ)»:

Տեսչության մասնագետն ընդգծեց. «Բժշկական կենտրոնը պետք է ունենա հատուկ տարաներ բժշկական թափոնները հավաքելու համար: Դրանք պետք է լինեն հատուկ սենյակում, մեկուսացված: ԲԿ-ն պետք է ունենա պայմանգիր թափոնները ոչնչացնող կազմակերպության հետ, վերջինս պարտավոր է այդ թափոնները հեռացնել 48 ժամվա ընթացքում: Կազմակերպությունն արդեն գիտի, թե ոնց պետք է այդ թափոնները վարակազերծել, ոչնչացնել»:

Նկատենք, որ ըստ նախարարի հրամանի, վարակիչ թափոնները ժամանակավոր պահման հատուկ տարածքում կարող են պահվել ձմռանը` 72 ժամից, իսկ ամռանը` 48 ժամից ոչ ավել:

Ժանետա Բեդյանի խոսքով, ԲԿ-ի պարտականությունը պետք է լիներ թափոնները հավաքելը, ինչը, փաստորեն չի արվել: Տեսչության գլխավոր մասնագետը նկատեց, որ հրամանում որևէ խոսք չկա այն մասին, որ քաղաքացու խնդրանքով անդամահատված ոտքը կարելի է տրամադրել իրեն:

Հարուցված վարչական վարույթի արդյունքների մասին տեսչությունը կարող է խոսել 20-30 օր հետո:

Քննչական կոմիտեից Panorama.am-ին հայտնեցին, որ դեպքի հետ կապված նյութեր են նախապատրաստվում Արարատի քննչական բաժնում:

Արտաշատի ԲԿ-ից պարզաբանում ստանալ չհաջողվեց, կայքում  նշված հեռախոսահամարներով զանգերին պատասխանող չեղավ:

Հիշեցնենք, որ նույն մարզի մեկ այլ ԲԿ-ում բժշկական թափոնների հետ կապված ուշագրավ դեպք էր տեղի ունեցել: Մասիսի բժշկական կենտրոնի տարածքում հայտնաբերվել էին ներարգանդային փուլում գտնվողը 2 պտուղ: Դեպքի վայրի զննությամբ ընկերության վարձակալած տարածքում և դրան հարակից տարածքից հայտնաբերվել են այլ թափոններ ևս՝ մասնավորապես ակնհայտ կազմավորման փուլում գտնվող երեխայի 7 դի, որոնք րջակա միջավայրի համար վտանգավորության 3-րդ և 4-րդ դասի վտանգավոր թափոններ են:

Հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանքներ են առաջադրվել «Առողջապահության զարգացման կենտրոն» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցին և նրա դստերը:

Առողջապահական պետական տեսչության գլխավոր մասնագետ Բադյանը, անդրադառնալով այս դեպքին, ասաց, որ թափոնների ոչնչացմամբ զբաղվող ընկերության ղեկավարը հայտարարել է, թե ինքը Հայաստանում չի եղել:

«ԲԿ-ն այդ տարածքը տվել էր ոչնչացնող կազմակերպությանը, որն էլ իր գործը չէր արել: ԲԿ-ի փոխտնօրենը (կենտրոնը տնօրեն չունի) տուգանվեց, քանի որ ամեն դեպքում տարածքի համար պատասխանատուն ինքն է»,-ասաց Բեդյանը:

Placeholder
Ժաննետա Բեդյան. Ջրանցքում հայտնաբերված ոտքը բժշկական թափոն էր ու պետք է ոչնչացվեր