Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը հույս ունի Հայաստանում հասնել դոլարի շրջանառության ծավալների կրճատմանը
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ էներգակիրների առևտուրը ռուսական ռուբլիով իրականացնելու առաջարկի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանի հետ:
- Վարչապետի առաջարկը որքանո՞վ է շահավետ Հայաստանի համար, կամ արդյո՞ք շահավետ է:
-Ոչ միայն Հայաստանում, այլև ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տնտեսություններում դոլարիզացիայի մակարդակը շատ բարձր է, ինչը որոշ չափով խոչընդոտում է տնտեսական ինտեգրացիոն պրոցեսներին: Դրա համար դոլարից հրաժարվելը կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել բոլոր երկրների տնտեսություններում: Բայց քանի որ բիզնեսին մի քիչ ավելի դժվար կլինի հրաժարվել դոլարից, կարծում եմ, ճիշտ է, որ առաջին քայլը կատարվի էներգակիրների առևտրի ոլորտում: Փաստորեն նախանական համաձայնություն է ձեռք բերվում էներգակիրների առքն ու վաճառքն իրականացնել ոչ թե դոլարով, այլ ռուբլիով կամ միության անդամ երկրների ազգային արժույթներով:
-Դա ի՞նչ կտա Հայաստանին:
-Խնդիրը հետևյալն է, Հայաստանում դոլարիզացիայի բարձր մակարդակը խնդիրներ է առաջացնում դրամավարկային քաղաքականության իրականացման համար: Տարբեր հաշվարկներով, Հայաստանում գործարքների, առք ու վաճառքի, տրանսֆերտների 65 տոկոսն իրականացվում է դոլարով: Այս պայմաններում ԿԲ-ի կողմից դրամավարկային քաղաքականության համար հավելյալ խնդիրներ են առաջանում: Նույն դոլարիզացիայի նվազման խնդիրն առկա է միության մյուս երկրներում, այդ թվում և Ռուսաստանում: Դեդոլարիզացիան հնարավորություն կտա աշխուժացնել տնտեսությունները:
-Դուք ասացիք բիզնեսի համար դժվար կլիներ անցնել ռուբլիով առևտրին, ինչո՞ւ:
-Խնդիրը հետևյալն է, ոչ թե բիզնեսի համար դժվար է ռուբլիով առևտուր անել, այլ ամբողջ աշխարհում այսօր առևտուրն իրականացվում է հիմնականում դոլարով, ինչն էլ ապահովում է դոլարի ամուր դիրքները, համընդհանուր ճանաչելիությունն ու ընդունումը բիզնես միջավայրի կողմից: Սա է, որ նպաստում է դոլարի դիրքերի ամրապնդմանը: Մի քանի ամսում կամ մեկ տարում անհնար է իրավիճակը փոխել, բայց քայլ առ քայլ որոշակի քաղաքականության իրականացման պարագայում հնարավոր է հասնել դոլարի շրջանառության ծավալների կրճատման: Բիզնեսի համար ինչո՞ւ է բարդ, որովհետև բիզնեսը նախընտրում է այդ պահին ավելի կայուն, ավելի ընդունելի արժույթով իրականացնել իր գործունեությունը:
-Ռուբլով առևտուրը ռիսկայի՞ն է:
-Ամբողջ աշխարհում ռուբլու առևտրի շրջանառությունը փոքր է: Իսկ բիզնեսի համար կարևոր է ունենալ արժույթ, ու վստահ լինել, որ դրանով ցանկացած պահի ցանկացած երկրից կարող է ապրանք, հումք կամ այլ բան ձեռք բերել: Այս առումով ռուբլին համաշխարհային տնտեսությունում նման դերակատարում չունի: Բայց մյուս կողմից, եթե հաշվի ենք առնում, որ մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք ու պետք է համաձայնեցված գործունեություն ծավալենք, այդ առումով կարևոր է միջնորդ դոլարից հրաժարվելը, որպեսզի հաշվարկներն իրականացվեն կամ ազգային արժույթներով կամ ռուբլիով՝ որպես անդամ երկրների արժույթներով ամենաընդունելին:
-ԵՏՄ Հայաստանի անդամակցության առաջին ամիսներին խոսվում էր անդամ երկրներում միասնական արժույթի անցման մասին, իսկ մինչ այդ, ըստ որոշ տնտեսագետների, պետք է լիներ միասնական հաշվարկային միավոր: Կարելի՞ է ասել, որ վարչապետի առաջարկը միասնական արժույթին անցնելու նախապատրաստական քայլերից է:
-Ճիշտ եք նկատել, ցանկացած ինտեգրացիոն պրոցես ի վերջո ենթադրում է միասնական արժույթի ձևավորում: Վերջին թարմ օրինակը Եվրամիությունն է ու եվրոն: Բայց սա ժամանակ է պահանջում, որ տնտեսություններն ինտեգրվեն, բիզնես միջավայրն ադապտացվի: Այս պարագայում միասնական արժույթի ձևավորում առաջիկա 4-5 տարում չի լինի, դրա համար շատ ավելի երկար ժամանակահատված է պետք: Իսկ ռուբլով առևտուրը, իհարկե, կնպաստի ադապտացիային:
Տնտեսագետին իր հարցերն է ուղղել Լալա Տեր-Ղազարյանը: