Եղիզաբեթ Երկրորդը կդառնա  Բրիտանիայի պատմության մեջ  ամենաերկար կառավարող միապետը
Աշխարհում
11:00 09/09/2015

Եղիզաբեթ Երկրորդը կդառնա Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ Երկրորդն այսօր երեկոյան կդառնա երկրի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը: Նա կանցնի իր տատիկի տատիկի՝ Վիկտորիա թագուհու սահմանած ռեկորդը, ով գահին է եղել 63 տարի: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:

Տոնական օրվա ընթացքում թագուհին իր ամուսնու` Էդինբուրգի դուքսի հետ գնացքով երկու ժամ տևողությամբ ուղևորության է դուրս գալու՝ Էդինբուրգից Թվիդբենկ: Ուղևորության վերջում, ինչպես սպասվում է, թագուհին հանդես կգա ելույթով և շնորհակալություն կհայտնի իր ենթականերին ավելի քան 63 տարի իրեն վստահության համար: Թագուհին հարգանքի տուրք կմատուցի իր տատիկի տատիկի՝ Վիկտորիայի հիշատակին:

Այսքանով օրվա պաշտոնական արարողությունը թագուհու մասնակցությամբ կավարտվի: Երկիրը նշելու է արքայական ռեկորդը հնարավոր բոլոր ձևերով: Լրագրողները շնորհավորելու են թագուհուն ռեպորտաժներով. թագուհին առաջին անգամ թույլ է տվել տեսախցիկներ տեղադրել Բուքինհեմյան այգիներում և այդտեղից կարող են ողջ օրվա ընթացքում ուղիղ եթերներ կազմակերպել:

Այսօր Բրիտանական խորհրդարանում նիստը կես ժամ ուշ է սկսվելու, որպեսզի պատգամավորները կարողանան շնորհավորել թագուհուն: Թագավորական դրամահատարանը թողարկել է արծաթե մետաղադրամ, որի մի կողմում պատկերված է Եղիզաբեթ Երկրորդի հինգ դիմանկար, որոնք հայտնվել են նրա կառավարման տարիներին մետաղադրամների վրա:

Թեմզա գետով անցնելու է նավատորմ արքայաան Gloriana նավի գլխավորությամբ: Նավատորմի անցնելու ժամանակ Թաուերյան կամուրջը բացվելու է: Վերջում լինելու է հրետանային հրավառություն:

Եղիզաբեթ Երկրորդը ծնվել է 1926 թվականին Լոնդոնում: Նա գահ է բարձրացել 1952 թ. փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թ. հունիսի 2-ին։

Placeholder
Եղիզաբեթ Երկրորդը կդառնա Բրիտանիայի պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետը