Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Աշոտյան. Այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից
Այսօր ամբողջությամբ չենք կարող հրաժարվել հատուկ դպրոցներից, որովհետև կան որոշակի առողջական խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս բոլոր երեխաներին դառնալ ներառական կրթության շահառու: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ ներառական կրթություն իրականացնող Ջ. Կիրակոսյանի անվան Երևանի թիվ 12 հատուկ և Երևանի թիվ 20 դպրոցներ այսօր կատարած այցելության ժամանակ:
«Ակնհայտ է, որ ներառական համակարգի ներդրման պարագայում, ըստ նախնական հաշվարկների, այդպիսի երեխաների շուրջ 90 տոկոսի համար կարող ենք ստեղծել հավասար հանրային մատչելի պայմաններ նաև կրթության համար: Եվ այստեղ խնդիրը միայն կրթության որակի մեջ չէ. դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում»,-ասել է Աշոտյանը:
Նախարարի խոսքով, այս երեխաները վերադարձվում են հասարակություն` որպես լիարժեք անդամ:
«Ներառական համակարգում ներառված մանկավարժական և ծնողական համատեղ աշխատանքի տեսանելի արդյունք տված երեխաները լավագույն պատասխանն են բոլոր այն մարդկանց քննադատական կարծիքներին, ովքեր թերահավատ են մոտենում այս բարեփոխմանը»,-ասել է Աշոտյանը, ավելացնելով, որ դեռ հսկայական աշխատանք կա կատարելու: